Ղեկավարո՞ւմ է, թե՞ ղեկավարվում. Առավոտ
Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն` նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք` “ոչ պաշտոնական” լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետեւել: Նյութը չափից դուրս “ոչ էքսկլյուզիվ” էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված` չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ: Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում` երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք եւ այլն: Եվ այդ ընթացքում բախումներ ոստիկանության հետ, նստացույցեր, կոտրված քթեր (այդ թվում` նորից Արմեն Մարտիրոսյանի), տատանումներ` Բաղրամյան 26 գնալու եւ չգնալու միջեւ, Ծիծեռնակաբերդ գնալու հախուռն որոշում եւ այլն: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր մարդկանց “նոր Հայաստանի երդմնակալությանը”:
Դրական է, անշուշտ, որ նա իրեն չհռչակեց Հայաստանի նախագահ, ինչը կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների համար լայնամասշտաբ բռնաճնշումների համար: Երդման տեքստն արտասանելը եւ ներկաներին կրկնել տալը բավականին հաջող մտահղացում էր, սակայն տեքստը երկար էր. եւ երդման երկրորդ կեսն արտասանվում էր առանց էնտուզիազմի: Մնացած գործողությունները, հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի “ժողովրդի կամքին”: Իմ տպավորությամբ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում, գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սանգակները եւ մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել “ամբողջ ժողովրդի” մեջ:
Որից հետո, ըստ հավաքվածների, սկսվելու է ուրախ եւ երջանիկ կյանքը: Իմիջիայլոց, փաստեմ, որ, համենայնդեպս, 92-94 թվականներին, երբ ես էի նախագահականում, այնտեղ ոսկով լիքը սունդուկներ չկային` կային մարդիկ, ովքեր առաջին նախագահի գլխավորությամբ ազնվորեն ծառայում էին չնչին աշխատավարձի դիմաց: Այդպիսին է Ազատության հրապարակում հավաքված արմատական ընտրազանգվածի կողմնորոշումը նաեւ այսօր: Պե՞տք է արդյոք “ենթարկվել ժողովրդի կամքին” եւ գնալ իշխանություն վերցնելու: Ինձ թվում է` ոչ: Բայց նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած քաղաքական գործիչ պետք է այդ “ոչ”-ը ասի բարձրաձայն` հստակ, առանց որեւէ մեկնաբանության տեղիք տալու: Այդպես են վարվել, մասնավորապես, Ստեփան Դեմիրճյանը, որին շատ էին ծաղրում իր “սահմանադրական ճանապարհի” համար, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: “Մարտի 1-ը” այլ պատմություն է, որին հիմա չարժե անդրադառնալ: Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես, բնականաբար, չի ցանկանում, որ լինի որեւէ բախում, այդ “ոչ”-ը հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է:
Համենայնդեպս, արդիական է “Առավոտի” երեկվա հրապարակումներից մեկի վերնագիրը` “Կհետեւի՞ ժողովրդին, թե՞ ժողովուրդն իրեն կհետեւի”: