15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը մտադիր է բացահայտել օֆշորային ընկերությունների սեփականատերերին

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը սկսել է լուրջ ուշադրություն դարձնել պետական գնումներին։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը շարունակում են բավականաչափ բարձր լինել։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ քայլեր են ձեռնարկում պետական միջոցների իրացման թափանցիկությունը բարձրացնելու համար։ Այդ նպատակով կառավարությունը մտադիր է առաջիկայում հանդես գալ կարեւոր նախաձեռնությամբ. Նախատեսվում է ներդնել այնպիսի մեխանիզմ, որը պայմաններ կստեղծի բացահայտելու օֆշորների միջոցով  պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների իրական սեփականատերերին։ Օրենսդրական արգելքների բացակայության պայմաններում, հաճախ օֆշորային գոտիներում, հատուկ պետական գնումներին մասնակցելու համար, բացվում են կազմակեպություններ, որոնք հաղթում են հայտարարված մրցույթներում։ Սակայն այդպես էլ հանրության համար անհայտ է մնում դրանց սեփականատերերի ինքնությունը։ Թեեւ հասկանալի է, որ պատահական մարդիկ չեն կարող օֆշորային գոտիներում ընկերություններ հիմնել։

Գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, թափանցիկությունն ու հրապարակայնությունը բարձրացնելու   շրջանակներում այժմ կառավարությունը քննարկում է օֆշորներում գրանցված եւ պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու հարցը։ Մասնավորապես նախատեսվում է պետական գնումներին մասնակցելու ցանկություն ունեցող օֆշորային կազմակերպություններին, որոնք պատրաստվում են պայմանագիր կնքել պետության հետ, պարտադրել բացահայտելու իրենց իրական սեփականատերերին։ Ակնկալվում է, որ այդ տեղեկատվությունը հասանելի եւ մատչելի կլինի հանրության համար։

Սրանով պայմաններ կստեղծվի լուծելու գնումների ոլորտում առկա եւս մեկ կարեւոր խնդիր։ Շատ հաճախ օֆշորային ընկերությունների միջոցով պետության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցում են տարբեր պաշտոնյաներին պատկանող կամ նրանց հետ ուղղակիորեն փոխկապակցված կազմակերպություններ։ Թեեւ գնումների օրենսդրությունն այս առումով որոշակի սահմանափակումներ առաջադրում է, այնուհանդերձ դրանց կիրառման մեխանիզմները չափազանց թույլ են։ Քիչ չեն դեպքերը, երբ պետական մարմինների կողմից հայտարարվող մրցույթներում հաղթում են նույն կառույցների ղեկավարության հետ ուղղակիորեն փոխկապակցված ընկերությունները։ Սա խնդիրը է, որը բավական լայն տարածում ունի գնումների համակարգում։

Կոռուպցիոն ռիսկերի կրճատման նպատակով մի կողմից պայմաններ ստեղծելով պետական գնումների հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման համար, մյուս կողմից կառավարությունը փորձում է ներդնել նոր մեխանիզմներ, որոնք պետք է նպաստեն պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը։

Որքանո՞վ կհաջողվի լուծել այդ խնդիրը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ կառավարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ։ Անցած շաբաթվա սկզբին հրավիրված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում՝ կարեւորելով գնումների ոլորտում առկա բացասական երեւույթների վերացումը՝ վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին երկամսյա ժամկետում ներկայացնել նշված խնդիրները կարգավորող օրենսդրական փաթեթ։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ