Ծառուկյանը սպառնո՞ւմ է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ՛՛ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք և վիրավորողը իմ հետ է գործ ունենալու՛՛, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, ավելի շուտ հռետորական հարցադրում է:
՛՛Անընդհատ ակնարկում են, որ փաստորեն, ԲՀԿ-ին թույլ չենք տա իշխանություն վերցնել, իսկ ինքն ասաց, որ ԲՀԿ-ի պատասխանատվությունը ինքն է կրում, որ այս ընտրություններն իր համար ոչ թե երկրորդական նշանակություն ունեն, այլ առաջնային են, ինքը ըստ էության որպես կուսակցության առաջնորդ հայտ է ներկայացնում իր ելույթով, իր խոսքով, որ փաստացի այս ընտորությունները անուղղակիորեն ղեկավարում է ինքը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ մյուս ուժերի աշխատանքները ևս այդ կուսակցությունների նախագահներն են գլխավորում: Օրինակ՝ ՀՀԿ-ինը ղեկավարում է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և այլն:
Բոզոյանը կարծում է, որ այս հայտարարությունը որպես սպառնալիք չի կարելի դիտարկել: ԲՀԿ առաջնորդը նաև ուզում էր բոլորին հասկացնել, որ ԲՀԿ-ում տարբեր թևեր չկան, չկան Վարդան Օսկանյանի և Գագիկ Ծառուկյանի թևեր, դա միասնական օրգանիզմ է և ինքը պատասխանատու է իր թիմակիցների բոլոր հայտարարությունների համար: ՛՛Ծառուկյանն ասում է, որ ոչ թե Օսկանյանն է ղեկավարում այդ աշխատանքները, այլ ինքը, և մարդիկ իր ու Օսկանյանի միջև տարանջանտումներ չդնեն՛՛:
Հարցին` արդյոք իր վրա ուշադրություն սևեռելով` Ծառուկյանը ստվեր չի գցում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի վրա, Բոզոյանը պատասխանեց.
՛՛Իհարկե, ոչ, որովհետև մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ում էլ Տարոն Մարգարյանն է առաջինը, սակայն գլխավոր դերը կատարում է նախագահը: Շատերը կարող էին մտածել, որ Օսկանյանն է տանում պայքարը, և Ծառուկյանը կողքի է քաշված, բայց Ծառուկյանն ասում է, որ կողքի քաշված չէ՛՛:
Հիշեցնենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին ելույթ է ունեցել ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ՝ մասնավորապես ասելով.
՛՛Երեւանյան փողոցներում բազմապիսի բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք վկայում են, որ ժողովրդի համար այսօր շատ բարդ է ապրել: Սա նշանակում է` մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրել ու աշխատել, եւ սա ոչ թե մարդուն լավություն անել է, այլ պետությանը, քանի որ դրանով հնարավոր է զարգացնել երկիրն ու տնտեսությունը:
Եվ այս ամենին միասին ենք հասնելու: ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու՛՛: