Այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար. Շավարշ Քոչարյան
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը շատ կարևոր է:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ առանց այդ պայմանավորվածությունների կատարման` առաջընթացի մասին խոսելն անհնարին է:
«Առանց դրա խոսել՝ որևէ առաջընթացի, արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է: Այդ տեսակետից այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար, արդյո՞ք նա Վիեննայում, չկարողանալով դիմակայել այդ երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնվեց, իսկ հիմա փորձելո՞ւ է տապալել, թե` ոչ: Այդ տեսակետից ամեն ինչ մոտ է և կտեսնենք` ինչ արդյունք կտա: Առաջընթացը կայանում է նրանում, որ փաստաթղթային մասով ԵԱՀԿ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Վերջինս շեշտեց՝ խնդիրը վերաբերում է երկու փաստաթղթին՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպերչիկի լիազորություններն ավելացնելուն և հետաքննության մեխանզիմներ ներդնելուն:
«Այս պարագայում կա մի փաստաթուղթ, որը դրված է որպես հիմք բանակցությունների համար, այն երեք կողմերից միայն երկուսն են ընդունել, դա Մադրիդյան փաստաթուղթն է՝ որպես հիմք բանակցությունների համար: Որևէ այլ փաստաթուղթ, որին կողմերը տվել են համաձանություն, գոյություն չունի, վերջին փաստաթուղթը, որը լուրջ քննարկվել է և որը Ադրբեջանը տապալեց՝ բազմաթիվ առաջարկություններ անելով, դա Կազանն է ու վերջ», – ասաց Շավորշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հետաքննական մեխանիզմի իմաստը նրանում է, որ հստակ կթիրախավորվի հրադադարի ռեժիմի խախտողը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Ադրբեջանն ամենևին հակված չէ այդ մեխանզիմների լիարժեք ներդրմանը:
«Բազմաթիվ են եղել հանդիպումները, որտեղ ԵԱՀԿ-ն չի ներգրավվել, թեև որոշակի տրամաբանություն կա, որ պետք է ներկայացուցիչը լինի՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող նախագահող երկիրը Գերմանիան է, և նրա ակտիվ ջանքերով ԵԱՀԿ-ն ներկայացրել է կոնկրետ փաստաթղթեր` քննարկման համար: Երևի, դեռևս այդ փաստաթղթերի քննարկումն այն փուլում չէ, որ ԵԱՀԿ-ն ներգրավվի», – ասաց Քոչարյանը:
ԱնդրադառնալովՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, որ շարունակելու է Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը, միայն ասաց, թե այդ հայտարարություններին պետք է ուշադիր հետևել: «Այդ բոլոր հայտարարություններին պետք է ուշի ուշով հետևել, ընդունենք ի գիտություն, և մենք միշտ պետք է երկու հանգամանք հաշվի առնենք: Առաջինն՝ անվտանգության պաշտպանության հարցերում մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեզ վրա, երկրորդը՝ համագործակցությունը տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ նպաստում է, որ այդ հնարավոր սպառնալիքը հնարավորինս չեզոքանա: Այդ համատեքստում է նաև մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, ոչ ավելին, որովհետև, եթե մեծ սպասելիքներ կան, որ Ռուսաստանը կգա, մեր փոխարեն մեր անվտանգության խնդիրները կլուծի, կոպիտ սխալ է, դրանից հետո կարող է հիասթափություն լինել: Ցանկացած երկիր ելնում է իր շահերից և որտեղ երկու պետությունների շահերը համընկնում են, այդտեղ դու ունես լիարժեք համագործակցություն»,- ասաց Քոչարյանը: