24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Համախմբում» կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը

«Համախմբում» կուսակցության համագումարին այսօր` հունիսի 17-ին, կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը:

Կուսակցության վարչության անդամներ ընտրվեցին Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, լրագրող Գեղամ Նազարյանը, Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, Ռուբեն Կարապետյանը, Վահան Կույումչյանը:

Կուսակցության հայտարարությունը ներկայացրեց նորընտիր մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը .

«Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման եւ ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ: Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձեւավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձեւավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ։

Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»։

Արձանագրելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված բազմակուսակցական համակարգն ու շուկայական տնտեսությունը «գործնականում կյանքի չկոչվեցին: Մեր երկրում բավարար չափով չհաստատվեցին ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններ, եւ արդար ընտրական համակարգ։ Այսինքն, մեզ մոտ չստացվեց այն, ինչը հաջողվեց անել Արեւելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրների ժողովուրդներին։ Սակայն մենք` «Համախմբում» կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս, համոզված ենք, որ հայ ժողովուրդը, գտնվելով քրիստոնեական արժեքների ու արեւմտյան (համամարդկային) արժեհամակարգի տիրույթում, ինչպես նաեւ լինելով համաեվրոպական ընտանիքի անդամ՝ կարող է քաղաքակիրթ աշխարհում իր տեղն ու դերը զբաղեցնել: Նոր կուսակցության անհրաժեշտությունը կար մինչեւ ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Առավել եւս՝ այդ անհրաժեշտությունը կա պատերազմից հետո, երբ շատերի համար ավելի տեսանելի դարձան բոլոր այն արատները, որոնք հարվածում են մեր երկրի անվտանգությանն ու խանգարում կայուն զարգացմանը։

Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, եւ մենք բոլոր հարթություններում հետամուտ ենք լինելու այդ հարցի դրական լուծմանը: Մենք մերժում ենք այսօրվա իրավատնտեսական եւ քաղաքական հարաբերությունները, որոնք դարձել են հարյուր հազարավոր մարդկանց համար հույսի կորստի, ունեզրկման, աղքատության եւ արտագաղթի պատճառ:

Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սեւի եւ սպիտակի։ Մենք վեր ենք կանգնելու ձեւավորված այդ հարաբերություններից։ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, եւ մեր ժողովուրդն ունի միասնական շահեր։ Հայաստանը մեր տունն է, որտեղ կան ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ։

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի եւ բոլոր այն շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները եւ մեր նպատակը։ Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի եւ առանցքային խնդիրների լուծման»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ