Սակագները բարձրացրել ենք, որ ճեղքվածքը փակենք, հիմա էլ ճեղքվածի համար վարկ ենք վերցնում․ Փաշինյան
ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիր:
Նախագծի հիմնական զեկուցող Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին հարց ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը նախ շեշտեց՝ վերջին 3 տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումները.
«Այդ թանկացումներն ամեն անգամ հիմնավորում էին նույն բառապաշարով, որով հիմա այս վարկն եք ներկայացնում. ճեղքվածք ու թերվճարում կա, պարտքեր ունեն ատոմակային ու ՋԷԿ-ին, հոսանքի գինը բարձրացվում էր, որ մենք սպառողներս ավելի վճարենք, որպեսզի ՀԷՑ-ը վճարի այն պարտքը, որն ունի Երեւանի ՋԷԿ-ին, Հրազդանի ատոմակայանին, մյուս արտադրողներին: Սակագները բարձրացրել ենք, որ ճեղքվածքը փակենք, հիմա էլ ճեղքվածի համար վարկ ենք վերցնում»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանի դիտարկմամբ՝ մեր երկրում վարկերն արդյունավետ չեն օգտագոչծվում։
«Եվ երրորդը, ասում եք գործունեության հետ չկապված վարկեր, միջոցներ են ներգրավվել, էդ ին՞չ վարկեր են, ինչի՞ համար են ներգրավել, էստեղ էլ գործ ունենք, երբ օրինակ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով «բարեգործական» նպատակով եկեղեցու կառուցման համար փող են փոխանցել, օրինակ Սուրբ Հովհաննես ամենափրկիչ կամ Սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար, էդ ի՞նչ գործունեության հետ չկապված վարկեր են»,-հարցրեց Փաշինյանը։
Փոխնախարարն ի պատասխան Փածինյանի հարցերի՝ ասաց․ «Մենք մի քանի տարվա ընթացքում այդ երկու պետական ձեռնարկություններին առաջարկել ենք կատարել ոչ իրենց բնույթին բնորոշ գործունեություն, «Նաիրիտ» եւ Վանաձորի «Քիմպրոմ» գործարաններին, որպեսզի նաեւ այդ ընկերությունների աշխատակիցների վարձավճարները, տարիների ընթացքում բավական մեծ գումարներ են կուտակվել, որոնք վերադարձը կարող ենք իրականացնել միայն վարկային եղանակով՝ թանկ փողերը փոխարինելով էժան փողերով»։