Երբ բեռնատարը մտնում է այդ թունելի մեջ, խեղճ լոռեցիները սարսափում են
ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրի քննարկումը:
Նախագծի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը շեշտեց՝ պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն Մ6 միջպետական ճանապարհի՝ Վանաձորի և Բագրատաշեն միջև ընկած մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման և արդիականացման նպատակով:
«Ըստ համաձայնագրի արձանագրության՝ նախատեսվում է ճանապարհի վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում 6,7 կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում 43,9 կմ, Ալավերդու քաղաքային գոտում 3,4 կմ, Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում 36,3 կմ: Շինարարությանը հատկացվել է 36 ամիս՝ 2017-2020 թվականները և կվերանորոգվեն այդ հատվածի վտանգավոր թունելները»,- նշեց Արթուր Առաքելյանը:
Վերջինիս հարցերով դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը շեշտեց՝ Լոռվա ճանապարհներն անմխիթար վիճակում են: «Ոչ միայն ճանապարհներն են հիմա այնտեղ անմխիթար վիճակում ու շատ նեղ և չեն համապատասխանում միջպետական ճանապարհի չափանիշներին, սա փաստ է, այլև պետք է նշեմ, որ թունելների և կամուրջների վերանորոգումն է շատ կարևոր: Մանավանդ այնտեղ մի թունել կա, որի ո՛չ բարձրությունը, ո՛չ լայնությունը չի համապատասխանում իրականությանը և չափանիշներին և հաշվի առնելով, որ սա միջպետական ճանապարհ է, երբ բեռնատարը մտնում է այդ թունելի մեջ, խեղճ լոռեցիները երկու ժամ սպասում են, իսկ երբ բեռնատարներից մեկը մի կողմից մտավ, մեկը մյուս կողմից՝ կաթվածահար է լինում:
Երկու ճանապարհ կա Երևանից Ալավերդի գնալու համար, մեկը Տավուշի մարզով՝ Նոյեմբերյանով, մյուսը՝ Ստեփանավան-Օձուն նոր վերանորոգված ճանապարհով: Որո՞վ խորհուրդ կտաք քաղաքացիներին գնալ՝ հաշվի անելով հարմարավետությունը, անվտանգությունը», – նկատեց Շարմազանովը:
Ի պատասխան պատգամավորի` Արթուր Առաքելյանն ասաց՝ Ստեփանավան-Օձուն ճանապարհով պետք է քաղաքացիները գնան, իսկ Նոյեմբերյանով զուտ վերադառնան. «Երկու ճանապարհներով էլ կարող են, սակայն առաջինն ավելի բարեկարգ է»: