Ժամանակն է համալիր, կոնցեպտուալ լուծումների. Հ. Նաղդալյան
«Այսօր մենք անհրաժեշտություն ունենք հիմնարար փոփոխությունների, նոր լուծումների, կոնցեպտուալ մոտեցումների, քանզի այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, քանի որ կա ժամանակի հրամայականը , արտահայտված երկրի նախագահի հայտնի ելույթում, ուր շեշտադրվում էր երկրում տնտեսական առաջընթաց , տնտեսվարողների գործունեությունը ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկարներ ապահովելու մասին, սա դրված է նաև կառավարության ծրագրում՝ որպես գերակայություն, և հարկային օրենսգիրքը բարելավելու առաջին նպատակը ՝ այդ խնդիրները լուծել ՝նպաստել նշված նպատակադրումների իրագործմանը»- այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ որքան էլ ֆիսկալ խնդիրները մշտապես կարևոր են և կարևոր են նաև հարկային վարչարարության խնդիրները և լուծումները, այնուամենայնիվ, այժմ ժամանակն է՝ համալիր, կոնցեպտուալ լուծումների , կայուն և կանխատեսելի դաշտ ստեղծելու երկարաժամկետ հեռանկարի համար:
ԱԺ փոխխոսնակն իր ելույթում առանձնացրել է մի քանի կարևոր բարեփոխումներ, որոնք ի հայտ կգան հարկային նոր օրենսգրքի կիրառմամբ.
«Կկարգավորվեն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները ՝ հնարավորինս կրճատելով հարկ վճարողների մոտ ստուգումներ իրականացնելը՝ շեշտը դնելով վերլուծությունների և կամերալ, գրասենյակային ուսումնասիրությունների վրա:
Հանդիպակաց ստուգումները վերանում են, վաղեմության ժամկետի 3 տարվա ժամկետը տարածվում է վերաստուգումների վրա, ստուգման փաստաթղթերը ստորագրելու ժամկետի ընդլայնումը, թեմատիկ ստուգման նպատակից դուրս գալու արգելքը, ավել վճարվածը հետ ստանալու հնարավորություն և այլն:
Էականորեն պարզեցվում ու ազատականացվում է հարկերի հաշվարկման և վճարման կարգը, որը հիմնականում կդրսևորվի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հաշվանցումների կատարման և դեբետային մնացորդների օգտագործման ազատականացմամբ: Կրճատվում է հարկերի հաշվարկման և վճարման հարկային մարմիններին հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը: Վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու և դրա հետևանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը.
Կարգավորվում են ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդների գումարները հարկման այլ դաշտում գտնվելու ժամանակաշրջանում հաշվանցելու հետ կապված հարցերը»:
Ամփոփելով իր խոսքը՝ Հերմինե Նաղդալյանը կոչ է արել խմբակցություններին և ՀԿ-ներին, ընդհանուր դատողություններից զատ, փորձել կոնկրետ առաջարկություններով բարելավել ներկայացված օրենսգիրքը և լուծել նրա նկատմամաբ հասարակության, պետության, գործարար համայնքի և հարկ վճարողների արդարացված և հիմանվորված պահանջները: