Թուրք ազգայնականները, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնեն. Արա Պապյան
«Այս բանաձևն անպայման անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Թուրքիան սկզբում մի քիչ կաղմկի, սակայն հետո կհանդարտվի: Բանաձևը կազդի նաև ԵՄ աշխատանքների վրա: Ի թիվս այլ դրական կողմերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կնախատեսի դպրոցական ծրագրերում պատմության այդ էջի պարտադիր ներառում»,-կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Գերմանիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` Արա Պապյանը չբացառեց, որ բանաձևի ընդունումն ազդեցություն ունենա նաև ԱՄՆ-ի վարած քաղաքականության վրա:
«Ցեղասպանության ճանաչումը լավ է, սակայն ճանաչումները չպետք է ինքնանպատակ լինեն: Եթե ճանաչմանը չեն հետևելու փոխհատուցումներ՝ այդ թվում տարածքային, ապա իրավիճակը նմանվում է հետևյալին` գյուղացին փորում է իր հողը, սակայն սերմ չի ցանում, որպեսզի դրանից բերք ստանա»,- նշեց բանախոսը:
Բունդեսթագում ընդունված այս բանաձևը ոչ մի կերպ չի կարող առնչվել Արցախյան հիմնախնդրի հետ՝ հետագայում այս կամ այն լուծում պարտադրելու հայկական կողմին:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի դիվանագիտական ջանքերի մասին. նախկին դիվանագետի խոսքով` դեսպանի աշխատանքը շատ կարևոր է. պետք չէ ասել՝ եթե անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանը ոչինչ չաներ, բանաձևն ինքն իրենով կընդունվեր: Բանախոսը չբացառեց՝ Գերմանիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրք ազգայնականները, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնեն: