Տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Մի ստիր: Աստվածային այս պատվիրանին որքան էլ նախանձախնդրորեն հետեւենք, միեւնույն է, մեղք այս առումով գործում ենք բոլորս: Երբեմն մեզ հույս ենք տալիս, թե մեր սուտը ստեղծված իրավիճակից լավագույն ելքն էր, կամ թե ոչ մեկի տուն դրանից չքանդվեց:
Առավել հաճախ, որքան էլ նրանք հերքեն, ստում են քաղաքական գործիչները: Դասականն է ասել. “Քաղաքական գործիչն այնքանով է քաղաքական, որքանով կարողանում է մի բան խոստանալ, ապա բացատրել` ինչու այդպես չեղավ:
Ապրիլի 1-ի հետ կապված Henaran.am-ը մեր քաղաքական գործիչներին խնդրեց այնպիսի սուտ ասել, որ բոլորը հավատան: Բայց արի տես, որ մերոնք չեն ստում. ասացին` չենք կարող, որ այսօր էլ որևէ մեկին չեն խաբել ու չեն խաբելու:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մեզ պատմեց, որ վաղ առավոտյան կրտսեր որդին է իր հետ փոքրիկ կատակներ արել, իսկ ինքը ոչ ոքի չի խաբել: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ այսօր դրական լիցքերով է արթնացել և ”սուտ ասելու հետ չունի”:
Փոխարենը ստեր պատմեցին մյուսները:
”Ժառանգական” Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց այն սուտը, որն, իր խոսքով, ամեն օր լսում է.
”Որ իշխանությունները մեր երկրում ժողովրդի կողմից են ընտրված : Միշտ, ամեն օր եմ լսում այդ սուտը, որ ժողովրդի խելքն էլ իր իշխանության համար գնում է”:
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը միանգամից նույնիսկ 2 սուտ ասաց.
”Առաջիկայում ՀՀ-ում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, որոնց մասնակցություն չեն ունենա ուղղակի կամ անուղղակի կերպով գործարարությամբ զբաղվող մարդիկ:
Մեկ այլ սուտ` այսուհետ Հայաստանում իշխանությունն առանց որևէ դժվարության կփոխանցվի այն ավելի շատ ուզող քաղաքական ուժին` անկախ նրա հեղինակությունից և պատասխանատվություն կրելու հնարավորությունից”:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը սուտ չհորինեց, սակայն Henaran.am-ին պատմեց լսած ամենաթարմ կատակը: ”Կայքերից մեկում տեղեկություն կար, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը սրճարանում հանդիպել են”: