Արմոբիլը չի փոխհատուցելու
“Արմոբիլ” մասնավոր անվտանգության ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Կակոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք չեն մեղավոր որ տոմս ունեցող մարդիկ չեն կարողացել մտնել “Հանրապետական” մարզադաշտ` մասնակցելու Հայաստան-Չեխիա խաղին:
“Այնտեղ 2000-ից ավելի մարդիկ առանց տոմսի էին փորձում ներս մտնել: Երբ նրանք խուճապի մատնվեցին, հասկացան, որ խաղն արդեն սկսվում է, ագրեսիվորեն փորձեցին ներխուժել մարզադաշտ` հրելով ու ջարդելով դարպասները: Տոմսեր ունեցողները, ովքեր մի քանի տասնյակ մարդիկ էին, գտնվում էին տոմս չունեցող հազարավոր մարդկանց մեջ եւ ուղղակի ներս մտնելու հնարավորություն չունեին: Եթե որեւէ մեկը կա, ով կասի, որ տոմսով ներս է մտել, բայց իր տեղն զբաղված է եղել, խնդրեմ, կարող է մոտենալ մեզ: Իսկ տոմսեր ունեցող, բայց ներս չմտած երկրպագուներին փոխհատուցողը մենք չենք: Երբ ոստիկանության ու ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկենք, փոխհատուցման պատասխանատվությունն ստանձնողը այդ մասին կհայտարարի”,-ասաց Կակոսյանը: Վերջինիս խոսքով, ոմանք փորձել են մտնել կեղծ “all access” բեյջերով:
”Արմոբոլիլը” այդ օրը ունեցել է 40 աշխատակից: Սա լիովին բավական թիվ է, եթե մնացած ծառայություններն էլ իրենց գործը անեին:
Իհարկե, սխալների վրա մարդ սովորում է եւ “Արմոբիլ”-ը հետեւություներ կանի: “Վեց տարի աշխատում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ խնդիրներ չենք ունեցել”,-ասաց Կակոսյանը` ավելացնելով, որ Հանրապետական մարզադաշտը արդեն չի տեղավորում շատ հանդիսականի: