Հո չեն աշխատում. Հրապարակ
ՀՀԿ-ԲՀԿ “ձեռնամարտ” Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում: Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր “ապրիլյան թեզիսները”. այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միեւնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարեւոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
Հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է` “մի ուրիշ ձեւ”. աշխատում են “թուղթ ու գրիչով”, քարոզչագետ Արմեն Աշոտյանն անձամբ է գրում “ռոլիկների սցենարները”՝ ոչ մեկին չի վստահում: Օրը մի քանի անգամ ՀՀԿ մարզային, երեւանյան կառույցներում ժողովներ են անում: Որ պատգամավորը օրը երկու անգամ չի մտնում շտաբ, չի արտաբերում “ինչով կարամ օգտակար ըլնեմ” բառակապակցությունը, արժանանում է բանադրանքի:
Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը: Օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ. որոշել են հասնել եւ անցնել 450-ը: Մոբիլ խմբերով անակնկալ այցեր են կազմակերպվում այդ շտաբներ, որ տեսնեն, թե ինչով են այնտեղ զբաղված իրենց յուրայինները, հո գլուխ չե՞ն պահում: Եվ այս ամենը, ինչպես տեղեկացրեց այդ “զորավարժությունների” մասնակիցներից մեկը, նրա համար է, որ հանկարծ նախագահականի ժամանակ թույլ տրված սխալները չկրկնվեն: