Ինչպես երկրպագել Աստծուն
Ի՞նչ է նշանակում եր(Ա)խա
Եկեղեցին երախա, այսինքն՝ երեխա է կոչում մկրտության պատրաստվողներին՝ անկախ նրանց տարիքից: Չափահաս երախաները նախքան մկրտվելը պետք է սերտեն Հավատո հանգանակը և ծանոթանան քրիստոնեական վարդապետությանը: Մինչև մկրտվելը նրանք Եկեղեցու անդամ չեն համարվում և չեն կարող մասնակցել նրա մյուս խորհուրդներին:
ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ
1. Երկրպագել նշանակում է ընդունել այն, ինչը համարվում է ճշմարիտ և կատարյալ, ընդունել նրա անվերապահ հեղինակությունը սեփական անձի նկատմամբ և խոնարհվել նրա առջև:
Մարդը միշտ գտնվում է որևէ հեղինակության կամ երևույթի ազդեցության ներքո: Եվ երբ այդ ազդեցությունը շատ մեծ է լինում, համարվում է երկրպագություն: Այդժամ մարդն իր երկրպագության առարկան ընդունում է իբրև իր սրտի տիրակալ և այս կամ այն կերպ դառնում նրա ծառան: Ողջ հեթանոսական աշխարհը երկրպագում էր չաստվածների՝ ընդունելով նրանց բազմաբնույթ մոլորեցնող ոգիները:
Քրիստոնեության նպատակն է ձերբազատվել բոլոր այն երկրպագություններից, որոնց միջոցով մարդն ընդունում է աշխարհի մեղքերն ու դիվային ոգիները, որոնք հեռացնում են Աստծուց և ճշմարիտ հոգևոր կյանքից, և ամբողջովին ընդունել Աստվածության փառքը, Սուրբ Երրորդության լույսը, ծառայել Նրան և լցվել հոգևոր շնորհներով. Այլ կերպ ասած՝ ամբողջ էությամբ երկրպագել Աստծուն:
2. Երկրպագությունը լինում է ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին, քանզի ներքին երկրպագությունը հաճախ ունենում է իր արտաքին դրսևորումը: Այսպես բարեպաշտ քրիստոնյաներն իրենց հավատն ու սերը աստվածպաշտության մեջ արտահայտում են նաև մարմնով երկրպագելով: Մարմնական երկրպագությունը լինում է գոտկային և ծնրադիր: Գոտկային երկրպագության ժամանակ գլուխը խոնարհում են, և մեջքը կռացնում այնքան, որ մատները հասնեն գետնին: Իսկ ծնրադիր երկրպագելիս ծնկում են, մատները ծալած, դաստակներով հենվում գետնին և գլուխը խոնարհում: Երկրպագելուց առաջ անհրաժեշտ է խաչակնքել:
Գոտկային երկրպագությունները կատարվում են ժամերգության և պատարագի ընթացքում, երբ քահանան օրհնում է հավատացյալներին, ինչպես նաև՝ այն ժամանակ, երբ հնչում է Տիրոջ անունը: Խաչակնքելով և գոտկային երկրպագությամբ խոնարհվում են նաև սրբապատկերների առջև:
Ծնրադիր երկրպագությունը հատուկ է վանականներին և ճգնավորներին՝ հատկապես առանձնական աստվածպաշտության ընթացքում, սեփական խցում: Շատ ճգնավորներ հայտնի են եղել իրենց հաճախակի ծնրադիր երկրպագություններով, որով արտահայտել են առ Աստված իրենց ջերմ սերն ու անմնացորդնվիրումը:
Աղբյուրը`
http://www.sacredtradition.am