Ալ. Արզումանյանը Ազատության հրապարակում “չուժոյ պախմել” չի խոսի
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց կուսակցության չմասնակցության պատճառները Երեւանի ավագանու ընտրություններին.
“Երկար քննարկվել է մասնակցության հարցը, սակայն քանի որ ընդդիմությանը չհաջողվեց մեկ ճակատով մասնակցել ընտրություններին, մենք որոշեցինք չմասնակցել”:
Ավագանու ընտրություններին, ըստ ԱԺ պատգամավորի, սխալ կլինի, եթե ընդդիմադիր դաշտը և “Այլընտրանքը” սկսեն սլաքները ուղղել միմյանց դեմ, ինչը կփոշիացնի ընդդիմության ձայները:
Հետընտրական զարգացումների վերաբերյալ Ա. Արզումանյանը նշեց, որ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է,և շատ կարևորեց երկխոսության պարագան. “Կլինի նամակներով, թե “թվիթերով” կարևորը դա չէ: Լավ կլինի, եթե մինչև ապրիլի 9-ը արդյունք լինի, կամ ճանապարհային քարտեզ կազմվի”:
Ըստ Արզումանյանի`պաշտոնական տվյալներով 38% ձայները /Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական արդյունքն է-խմբ./ արդեն իսկ ահռելի թիվ է:
“Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժվեց Վրաստանի և Ուկրաինայի ճանապարհը, մնում է բանակցությունները: Ես մաղթում եմ իրեն հաջողություն և առողջություն: Ուղղակի այն խնդիրը, որը մարդկանց հանել է Ազատության հրապարակ, կարծես այլ է, իսկ այժմ այլ գործընթաց է սկսվել: Որքանով է նպատակահարմար` դժվար է ասել”:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ մեկ-մեկ այցելում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց քանի որ չի մասնակցում պայքարին չի ցանկանում գնահատականներ տալ:
“Մարդիկ կան, որ գնում և ելույթ են ունենում այսպես ասած` չուժոյ պախմել”:
Նրա խոսքով, այսօր Հայաստանը պետք է գնա շատ լուրջ բարեփոխումների և դրան պետք է մասնակցի նաև ընդդիմությունը. “Այն, որ ընտրողների 40%-ից ավելին դեմ է քվեարկել իշխանություններին, խոսում է այդ մասին, որ նրանց պետք է հաշվի առնել և ընդդիմությանը մասնակից դարձնել բարեփոխումներին”: