Սեւ-մութ ուժեր խորհրդարանի գլխին. Հայկական ժամանակ
Երեկ ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:Թերթի թղթակիցը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ:
-Պարոն Դումանյան, ինչ է եղել իրականում:
-Թեթեւ տեխնիկական խնդիր է եղել, արտառոց ոչինչ չկա:
-Հոսանքի՞ց է բռնկվել:
-Մասնագիտական խումբն աշխատում է: Նախնական կարծես թե հոսանքից է եղել:
-Պարոն Դումանյան, ԱԺ-ում վերջին շրջանում տարօրինակ բաներ են կատարվում: Մի քանի օր առաջ մի երիտասարդ դանակով մուտք գործեց ԱԺ, այսօր էլ` հրդեհը:
-Հիմա ինչ, միստիկայի ոլորտի՞ց ենք խոսելու:
-Հա, դե…
-Ես միստիկային չեմ հավատում, դրա համար չեմ ուզւոմ խոսենք:
-Եկեղեցին խորհուրդ է տալիս նման դեպքերում աղոթքով մաքրել անհաջողությունը եւ այլն: Միգուցե Աժ-ում նման ծիսակարգ կատարվի:
-Էն պատճառով, որ էսօր ինչ որ ծուխ է առաջացե՞լ: Գերբնական ուժեր կան, հա՞:
-Կարծես ինչ որ բան էնպես չի:
-Ես միստիկային չեմ հավատում: Ես ուզում եմ նախ պարզվի, թե ինչ է եղել, պատճառները վերացնենք, ոչ թե ինչ-որ միստիկայի մեջ խորանանք: Ես դա չեմ ուզում: