Նախարարը համբուրում էր ԲՀԿ-ականներին. Հրապարակ
ԲՀԿ-ի “քվոտայով” նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների “չար” հարցերից եւ հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին:
“Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ է”` հարցրինք: “Կարոտել էի”,- պատասխանեց նա ու ցանկացավ մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնաց տեղում կանգնած: “Բա կարոտը քաղաքական կատեգորիա՞ է. ի՞նչ եք կարծում` կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին»” “Առանց մեկնաբանությունների”:
Ասում են` ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը` Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը: “Լավ, էլի, առանց մեկնաբանությունների”,- համարյա խնդրեց միշտ ժպտացող նախարարը: