Տարոնը հմայիչ տղամարդ է, իսկ ընտրողների կեսից ավելին կանայք են .Ադիբեկյան
՛՛Եթե ՀՀԿ-ն պարտվի այս ընտրություններում, լուրջ կասկածներ կլինեն նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ: Եթե բալանսը պահպանվի, ապա ընդդիմության հավակնությունները և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չորրորդ նախագահ պնդումներն անհիմն են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ ավագանու ընտրությունների դեպքում մարդկանց մի մասը ձայնը տալիս է՝ հիմնվելով կուսակցության նկատմամբ իր վերաբերմունքի վրա, իսկ մյուսները կարևորում են, թե ով է գլխավորում ցուցակը:
Խոսելով ցուցակների առաջին համարներից՝ Ադիբեկյանը նշեց, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը որպես քաղաքապետ չի դիտվում, եթե ցուցակը գլխավորեր մեկ այլ ԲՀԿ-ական՝ Գուրգեն Ասենյանը, ապա նա ավելի շատ հնարավորություններ կունենար, քանի որ համարվում է բիզնեսմեն և ԱԺ-ում էլ սոցիալական հարցերին ավելի շատ է անդրադառնում:
Գործող քաղաքապետի մասով Ադիբեկյանն ասաց, որ հարցումները ցույց են տվել, որ երևանցիների 63 տոկոսը բարձր է գնահատում Տարոն Մարգարյանի գործունեությունը, բացի այդ Մարգարյանը հմայիչ տղամարդ է, ինչը կարևորվում է կանանց կողմից:
՛՛Տարոնը հմայիչ տղամարդ է, իսկ ընտրողների կեսից ավելին կանայք են: 63%-ն ասում է, որ քաղաքը դարձել է ավելի մաքուր ու բարեկեցիկ, վերելակների խնդիրներն է լուծվել, մնում է տանիքների ու սեփականաշնորհման հարցերը՛՛,-նշեց սոցիոլոգը:
ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի դեպքում ևս հաղթանակի հնարավորություն սոցիոլոգը չի տեսնում, քանի որ հարցումները ցույց են տվել, որ Խաչատրյանին քչերն են հիշում:
Հաջող ընտրություն է կատարել ՕԵԿ-ը, ում ցուցակը գլխավորում է ԱԻՆ Արմեն Երիցյանը:
Ինչ վերաբերում է ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով գլխավորում է ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքի ցուցակը, Ադիբեկյանը նկատեց, որ Մարտիրոսյանը ոչ մի ոլորտում իրեն ցայտուն չի դրսևորել:
ՀՅԴ-ի դեպքում Ադիբեկյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե ցուցակը գլխավորեր Աղվան Վարդանյանը, քանի որ նա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարն է եղել: