Իրավիճակը Երեւանի քաղաքապետարանում
Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:
Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:
Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետևանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը և զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով:
Թեև Քաղաքապետարանը կատարել է աշխատանքներ` ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն, դրանք չեն լուծել ոլորտում առկա խնդիրները:
Անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը:
Չի իրականացվել հետևողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու և դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
Անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու և արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ:
Դեռևս իր լուծումը չի ստացել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու հարցը:
Արձանագրված դրական զարգացումները
Հաշմանդամներին սպասարկելու նպատակով բանակցություններ են տարվել չինական ավտոգործարանի հետ, որն առաջարկել է այդ մեքենաների համար վերելակային հարմարանք:
Քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի պետք է դադարեցվի Երևանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող «Ռաֆ» և «Երազ» մակնիշի հնամաշ միկրոավտոբուսների աշխատանքը:
Կազմված արձանագրությունների համաձայն քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին:
Պաշտպանի աշխատակազմ