25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի կանաչ թոքերը փորձում են վերականգնել

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 250 հազար և ջերմատանն աճեցված ևս 1 մլն ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել սիզամարգեր: Նաև զեկուցվել է, որ արդեն ավարտվել են վաղ գարնանից ծաղկած բազմերանգ շուրջ 750 հազար կակաչների սոխուկների պահպանման վայր տեղափոխման աշխատանքները, որոնք աշնանը կրկին կվերատնկվեն:

Ծաղկապատման ընթացիկ տարվա աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ այս տարի կծաղկապատվի ընդհանուրը 7,5 հա տարածք, մինչդեռ 2012թ.-ին այդ թիվը կազմում էր 5,8 հա:

Դրական գնահատելով մայրաքաղաքի ինչպես ծաղկապատ, այնպես էլ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների տարեցտարի ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

«Ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, շոշափելի արդյունք ունենալու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել խնդրի կարգավորման ուղղությամբ: 2012 թվականից սկսած մենք հենց նման մոտեցումով էլ սկսեցինք առաջնորդվել, ինչի արդյունքում, անշուշտ, ունենք բավականին շոշափելի առաջընթաց: Անցած 4 տարիների ընթացքում Երևանում բարեկարգվել և ստեղծվել է 15 զբոսայգի, իսկ ծառատունկի շրջանակում էլ ոռոգելի տարածքներում ամեն տարի միջինը 50-ից 55 հազար ծառ և թուփ է տնկվել: Ձեռքբերումները տեսանելի են, սակայն միանշանակ է, որ այդքանով բավարարվել չենք պատրաստվում», – նշել է Տարոն Մարգարյանն ու այդ համատեքստում հիշեցրել, որ վերջին չորս տարվա ընթացքում տարեկան միջինը 18-20 կիլոմետրով ընդլայնվում է նաև ոռոգման ցանցը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև ապօրինի ծառահատումների խնդրին՝ նկատելով, որ թեև դրանց քանակը տարեցտարի զգալիորեն նվազում է, այնուամենայնիվ, պետք է հասնել նրան, որ տվյալ երևույթն իսպառ վերանա:

«Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. ապօրինի ծառահատման ցանկացած դեպք պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվի: Ավելին, հենց հատված ծառի տեղում պետք է նորը տնկվի, որ որևէ մեկին չթվա, թե միայն տուգանքով կազատվի ու մենք էլ ստիպված կհամակերպվենք, որ տվյալ տարածքում եղած ծառն այլևս չկա: Չի՛ լինելու նման վերաբերմունք ու վերջ: Իսկ ինչ վերաբերում է անհրաժեշտ ծառահատումներին, ապա այսօր զեկուցեցին, որ իմ հանձնարարականով արդեն գույքագրվել են մայրաքաղաքի վթարային ծառերը ու, ինչպես հանձնարարել եմ, միայն մասնագիտական եզրակացության առկայության դեպքում կկատարվի հատումը՝ նախապես այդ մասին իրազեկելով մեր քաղաքացիներին: Այդպես նաև մարդիկ կկարողանան տարբերակել ապօրինի ծառահատումը անհրաժեշտ միջամտությունից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ Երևանի կանաչ տարածքների ընդլայնման համատեքստում արդեն իսկ քննարկվել և հաստատվել է 2016-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքի որոշակի հատվածներում բուֆերային գոտիների վերականգնման և ընդլայնման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է լայնածավալ ծառատունկ իրականացնել Փարոսի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Կարմիր բլուրի, Հաղթանակի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիների, Նոր Նորքի Հայորդաց տան, ինչպես նաև Շամպայն-գինիների գործարանին հարող անտառ-պուրակներում, նաև Արգավանդի խճուղուն հարող տարածքում: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նշված բուֆերային գոտիները մայրաքաղաքի համար կծառայեն թե՛ որպես թթվածին ապահովող և թե՛ որպես փոշեկլանիչ ու քամիները մեղմող գոտիներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ