“Տենց բորշ համերգ չենք սիրում “. ինչու ”Էմփիրեյը” հրաժարվեց Րաֆֆու հետ պայմանավորվածությունից /վիդեո/
”Էմփիրեյ” խումբը շաբաթ օրը չի մասնակցելու ”Ազատության” հրապարակում նախապես հայտարարված ռոք-փառատոնին: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս նախորդ շաբաթ ռոք-փառատոնի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ հրապարակում ելույթ կունենա այդ խումբը:
Խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական և ստեղծագործական խնդիրներ են առաջացել, այդ պատճառով էլ հրաժարվել են համերգից: Սարգսի պատմելով` իրենք ընդամենը երկու օր առաջ են իմացել, որ միայն իրենց խումբն է այդ օրը ելույթ ունենալու :
”Մինչև երկուշաբթի մտածում էինք, որ այլ խումբ էլ կլինի, քանի որ փառատոնի իմաստն այն է, որ մի քանի խումբ լինի: Մենք մեր փորձի ժամանակ որոշեցինք, որ այդպիսի մեծ ծրագիր`սոլնի ծրագիր ներկայացնելու պատրաստ չենք”: Երգիչը նշեց, որ իրենք չէին կարող 2 ժամ ելույթ ունենալ, քանի որ ձմռանն էլ չեն ելույթ ունեցել և հանպատրաստից կստացվեր ամեն ինչ, ինչը ցանկալի չէ:
”Եթե մենք 2 ժամանոց ծրագիր անեինք, մենք տենց հանպատրաստից չենք սիրում, տենց բորշ համերգներ անել: Ամեն ինչ պետք է իդեալական լինի: Փոքր ծրագիր, եթե լիներ, ուրիշ հարց”,-բացատրեց նա:
Մանուկյանն ընդգծեց, որ իրենց մերժումը կապ չունի քաղաքականության հետ` խնդրելով դրան քաղաքական ենթատեքստ չտալ: ”Ոչ էլ մեր ելույթին թույլ կտայինք, որ քաղաքական աստառ հագցնեին:
Մեր համար կապ չունի, թե հրապարակում ինչ քաղաքական հայացքի տեր մարդիկ են: Եթե մեր երաժշտության կարիքը մի տեղ կա, ուզում են, մենք նվագում ենք: Մեր մոտ ընտրովի չէ, թե ինչ հայացքների տեր մարդկանց համար է մեր երաժշտությունը հնչում: Կարևորը մեր հասարակության ինչ-որ հատված կա, որ մեր երգն է ուզում:
Հրաժարվելը ևս քաղաքական պատճառ չունի, ոչ մասնակցելը, ոչ չմասնակցելը թույլ չենք տա քաղաքականության հետ կապել”,-ասաց նա ու հավելեց.
”40 տարի է` աշխարհում չեն ասում, որ ռոքը բաղոքի նշան է, ռոքը երաժշտություն է ու ոչ մի քաղաքական կոնյուկտոււրայի չի կարա ծառայի”: