Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք բարեկարգ և կանաչ տարածքներ. Տարոն Մարգարյան
Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ավարտվել է ծառատունկը, և շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Հանձնարարականի շրջանակում Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքներին:
«Վերջին տարիներին մենք կարողացանք ավելացնել կանաչ տարածքների ծավալները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն բարեկարգ և կանաչ տարածքները, որոնք ցանկանում են տեսնել երևանցիները: Ու բնական է, որ կանաչապատման ձեռնարկություններից մեր պահանջները ևս ավելացել են: Ինձ համար անընդունելի է ոռոգելի տարածքներում չոր խոտի առկայությունը, ինչը թերևս նշանակում է, որ տվյալ տարածքը սպասարկող ձեռնարկությունն ուղղակի չի կատարում իր պարտականությունները: Ուրեմն խստորեն հետևեք, որ կանաչապատման ձեռնարկությունները լիարժեք կատարեն իրենց աշխատանքներն ու քայլեր ձեռնարկեն ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ առկա տարածքների խնամքի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: Ամեն ծառի ու թփի խնամքի համար պետք է բոլորս սրտացավ լինենք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: