Աննախադեպ գրավ` 10 միլիոն դրամ եւ 283 դրամի անշարժ գույք. Խաչիկյանի եւ 12-ի դատավարությունը շարունակվում է.մերժում /վիդեո/
“Կենտրոն եվ Նորք Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը:
Նրանք մեղադրվում են կենսաթոշակները յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նախ ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, կենսագրական տվյալները, որից հետո մինչ դատաքննության փուլի մեկնարկը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպանը` թուլատրելու իր պաշտպանյալի հեռախոսային զրույցները, տեսակցությունները:
Միջնորդությանը դեմ էր միայն գործը պաշտպանող դատախազը, սակայն դատարանը բավարարեց միջնորդությունը: Այնուհետեւ Հովհաննես Գրիգորյանի պաշտպանը ներկայացրեց 15 րոպեանոց միջնորդություն, որով դատարանին խնդրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը` կալանքը, փոխարինել գրավի դիմաց ազատմամբ: Պաշտպանական կողմը առաջարկեց աննախադեպ գրավ` 10 միլիոն դրամ եւ 283 դրամի անշարժ գույք:
Մեղադրող կողմը, առարկելով ներկայացված միջնորդությանը, ասաց, որ Հովիկ Գրիգորյանը անցնում է նաեւ 2011-ի հափշտակությունների մայր գործով, որը դեռ նախաքննության փուլում է եւ գտնվելով ազատության մեջ, Գրիգորյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների եւ տուժողների վրա:
Նաեւ գրավով ազատումը չի կարող երաշխիք լինել, քանի որ ամբաստանյալի ողջ գույքի վրա դրված է արգելանք: Հովիկ Գրիգորյանի պաշտպանը նախ տարակուսանք հայտնեց, թե 5 րոպեում հարգարժան մեղադրողներն ինչպես կարողացան գրավոր առարկություն ներկայացնել եւ հետո նշեց, որ մեղադրողները աղավաղել են փաստերը:
“Հարգելի մեղադրողներ, դուք մեջբերում եք եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից, բայց որեւէ ապացույց չեք բերում, որ իմ պաշտպանյալը կարող է ազատության մեջ լինելով խոչընդոտել գործի ընթացքը: Եվ հետո, ցանկացած պետականորեն մտածող մարդ պիտի ուրախ լինի, որ իմ պաշտպանյալն ազատության մեջ չդրսեւորի կայուն վարքագիծ, ինչի դեպքում գրավադրած գումարը եւ գույքը կանցնի պետությանը եւ Հովիկ Գրիգորյանը կրկնակի կդատապարտվի”,-ասաց պաշտպան Արա Զաքարյանը:Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Գրիգորյանի գույքի վրա կալանք դնելուն, ապա պաշտպանը հայտարարեց, որ գրավադրվում է նրա հարազատների անշարժ գույքը, կան համապատասխան գրավոր համաձայնագրերը:
Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում եւ մտավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու: Մխիթար Պապոյանը սկսելով դատական նիստը՝ հրապարակեց որոշումը, այն է մերժել Հովիկ Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց, որ իր պաշտպանյալը գտնվում է “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկում, ունի առողջության հետ խնդիրներ եւ խնդրում է դատարանին դատաբժշկական փորձաքննություն անցկացնել պարզելու առողջական վիճակը: Դատարանը գտավ, որ պետք է դիմել տվյալ ՔԿ հասատությանը՝ ստանալով պատասխան կալանավորի առոջղության մասին, որից հետո կքննարկվի միջնորդությունը: