Լիճքվազի հանքավայրում 18,7 տոննային համարժեք ոսկի է գնահատվել /ֆոտո/
Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրող և ոսկու արդյունահանող առաջատար Polymetal Plc («Պոլիմետալ») ընկերությունը դեռեւս 2014թ.-ի նոյեմբերի կեսին ձեռք է բերեց Կապանից ոչ հեռու տեղակայված Լիճքվազ երկրաբանահետախուզական նախագծի բաժնետոմսերի 25%-ը, 3.5 մլն.դոլար արժողությամբ իր բաժնետոմսերի հաշվին, միաժամանակ համաձայնեցնելով ակտիվներում իր մասնաբաժնի ավելացումը` մինչև 50%:
Արդեն այսօր ընկերությունը հայտարարություն տարածեց, որ ավարտին է հասցրել Հայաստանի Լիճքվազի հանքային պաշարների աուդիտը, ըստ JORС-ի` դրանք կազմում են 600 հազար ունցիային (18,7 տոննա) համարժեք ոսկի` ստորգետնյա եղանակով մշակելու համար, ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Լիճքվազի հանքավայրի պաշարները կազմում են 4,3 մլն տոննա` 4,2 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է 600 հազար ունցիային համարժեք (18,7 տոննա) ոսկու։ Հանքային պաշարները հաստատվել են CSA Global անկախ աուդիտորական ընկերության կողմից։
2016թ.-ին Polymetal-ը ծրագրում է Լիճքվազում լրացուցիչ հորատում անցկացնել, որպեսզի 2017թ.-ի երրորդ եռամսյակում գնահատի հանքավայրի պաշարներն ըստ JORC-ի և նախապատրաստի Կապանի և Լիճքվազի նախագծերի շահագործման համակցված ծրագիրը։ Polymetal-ը մտադիր է արդյունահանել և հանքանյութը վերամշակման հանձնել Կապանի հարստացման ֆաբրիկա։ Այն ձեռք բերելու գործարքն ավարտվել է 2016թ.-ի ապրիլի 26-ին։
«Մենք շատ գոհ ենք երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներից, դա կարևոր ավանդ է Կապանից ոչ հեռու գտնվող արտադրության ընդլայնման մեջ։ Լիճքվազը ցուցաբերում է կայուն բարձր բովանդակություն և համեմատաբար պարզ աշխարհագրություն` պահպանելով միաժամանակ պոտենցիալը հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների համար»,- հայտարարել է Polymetal-ի գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը։
Հիշեցնեք, որ Լիճքվազի հանքավայրը գտնվում է Սյունիք մարզի Մեղրիի տարածաշրջանում` «Արեւիկ» ազգային պարկի հարեւանությամբ: Իսկ հանքավայրի հիմնական արդյունաբերական տարրերը ոսկին և պղինձն են, արծաթը համարվում է ուղեկցող արտադրանք։