ՀԱԿ-ը ”Ժառանգությա՞նը” վնասելու համար
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ-ը սխալ է անում` մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին:
”ՀԱԿ-ը ճիշտ կաներ, որ չմասնակցեր: 2009-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի մասնակցում, որ չխանգարի նրանց, հիմա ՀԱԿ-ը, ճիշտ կանի, որ ընդունի, որ ժամանակն է պարտքը վերադարձնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` ՀԱԿ-ն ընդհանրապես հաղթելու հնարավորություն չունի, նույնիսկ յոթ տոկոսը չի կարողանա հաղթահարել:
”Հնարավորություն չունի, որովհետև ժողովուրդը խորը վիրավորված է, երբ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ՀՅԴ-ր հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, բողոքավոր ընտրազանգվածը շատ վիրավորվեց: Վիրավորվեցին, որ չկա իշխանությանը հակակշռող ուժ, այդ վիրավորանքն էլ օգնեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ համախմբվեն նրա շուրջ”,-պարզաբանեց քաղաքագետը:
Նա նաև զարմանում է, թե ինչու են այս երեք կուսակցությունները մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: ”Լավ հիմա անունն ինչ են դնում, եթե չեն մասնակցել գլխավոր ընտրություններին, ինչպես պետք է երկու ամիս հետո մասնակցեին երկրորդական ընտրություններին”,-նշեց նա:
Հովհաննիսյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում են միայն ”Ժառանգության” առաջնորդին վնասելու համար: ”ՀԱԿ-ը մասնակցում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին վնասելու համար: Եթե ՀԱԿ-ը ցուցակ դնի ”Ժառանգություն” հետ համագործակցության պայմաններում, օրինակ` միասնական կոորդինացիոն մեխանիզմներ դնեն, այլ հարց է, իսկ եթե առանց դրա դրվում է ցուցակ, այն դիտվում է ոչ թե Րաֆֆու շարժմանն օժանդակ ցուցակ, այլ ինքնուրույն: Այդ դեպքում պարզից էլ պարզ է, որ դա արվելու է բողոքավոր ընտրազանգվածի ձայները ջլատելու համար”,-եզրափակեց քաղաքագետների միության նախագահը: