Խաչի քարոզ՝ քաղաքային տրանսպորտում ու կանգառներում /ֆոտո/
Ս. Խաչի երևման տոնի առթիվ վաղն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Երևանի Կոմիտաս պողոտայում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
Ժամը 15-ին երիտասարդները հավաքվելու են Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո գնալու են Կոմիտաս պողոտայի`շուկայի հարակից կանգառ:
Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Խաչի քարոզը երեք տարի շարունակ իրականացվում է Սուրբ Խաչին նվիրված տոների առիթներով, որոնք տարվա ընթացքում չորսն են` Ս. Խաչի երևման տոն, Խաչվերաց, Վարագ Սուրբ խաչի և Գյուտ խաչի:
Երիտասարդները այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը: Նրանց այս ծրագրի արդյունքով քաղաքային տրանսպորտի շատ մեքենաներում աչքուլունքների փոխարեն խաչեր են կախված: Վարորդներն իրենք էլ սիրով ընդունում են նվերը:
Սուրբ Խաչի երևման տոն
Այս տարի Ս. Խաչի երևման տոնը ըստ եկեղեցական տոնացույցի նշվելու է ապրիլի 24-ին: Այն Երուսաղեմում Ս. Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ընթացքում, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատիկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին