էսպես գնա, Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու. Գագիկ Հարությունյան
”Տպավորություն է, որ էսպես գնա, Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու”,-քիչ առաջ նման դիտարկում արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, երբ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչները հանդես եկան դատարանում որպես վկա մի շարք անձանց ներգրավելու միջնորդությամբ:
Նշենք, որ բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավելու միջնորդությունից, որը նաեւ Անդրիաս Ղուկասյանն է ներկայացրել, Զարուհի Փոստանջյանը միջնորդեց որպես վկա ներգրավել նաեւ “Թրանսփերնսի Իթերնեյշնլ” ՀԿ-ի նախագահ Վարուժան Հոկտանյանին, ով ընտրությունների վերեբերյալ զեկույց է հեղինակել, ինչպես նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին եւ մասնակգիտությամբ մաթեմատիկոս երկու քաղաքացու, որոնք հանդես կգան իրենց փորձագիտական կարծիքով` կապված կոնկրետ տեղամասերում ընտրողների մասնակցության ցուցանիշի եւ գործող նախագահի ստացած ձայների հարաբերակցության հետ:
Պատասխանող կողմն առարկեց այս միջնորդության շուրջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը եւս մի միջնորդություն արեց` կասեցնել ընթացիկ գործի քննությունը մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` ՍԴ-ին ներկայացրած եւս մեկ դիմումի ճակատագրի հստակեցումը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ-ին է ներկայացրել եւս մի դիմում, որով վիճարկում է ԸՕ մի շարք դրույթների` Սահմանադրությանը համապատասխանությունը: Նշենք, որ այս դրույթների հիման վրա ավելի վաղ ՀՀ վարչական դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը:
Իսկ ԸՕ կոնկրետ դրույթների սահմանադրականությունը վիճարկող դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Հիմք ընդունելով այս հանգամանքը, փաստաբանը միջնորդում է կասեցնել ՍԴ վարույթում գտնվող գործի քննությունը` նշելով, որ այս դիմումի ճակատագիրը կարող է ազդել նշված դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման վրա:
Նշենք, որ ՍԴ քննում է ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: