Այս անգամ ով է “Խոսրովի” արգելոցի “յուրային” թեկնածուն
Բնապահպան Եղիա Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի մրցույթին` նշելով,որ “Խոսրովում չի կատարվում ոչ մի օրինական քայլ, մի տեղում ապօրինություն է լինում, պատժում են այլ մարդու”:
“Խոսրովի տնօրենի ԺՊ Հ. Հովակիմյանը բավական հետաքրքիր անցյալ ունի`մի տեղ ապօրինություններ է արել, հետո տեղափոխել են Իջևան, այնտեղ ևս ծառեր են հատվել, և նա է Բնապահպանության նախարարության այսպես ասած մարդը”,-ասաց բնապահպանը:
Արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու է 11 թեկնածու: “Պահանջում ենք բաց և թափանցիկ լինի մրցույթը”,-բնապահպանները պահանջում են մրցույթին թույլատրել իրենց ներկայությունը:
Թեկնածուների մեջ է Ռուսաստանից Ալբերտ Դումիկյանը, ով արդեն վեց ամիս է դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար.
“Նա բավականին փորձ ունի բնապահպանական ոլորտում և այժմ փորձում է իր փորձը փոխանցել մեր երկիր: Եղել է Խաբարովսկի Բուրյովսկի արգելոցի տնօրենը քսան տարի շարունակ, սակայն իրեն այժմ չեն տալիս քաղաքացիություն և միգուցե չտան էլ մինչև մրցույթը”:
Աշխարհագրագետ Լևոն Բարսեղյանն էլ հավելեց, որ Ալբերտ Դումիկյանը պարզ ընթացակարգով պետք է ստանար քաղաքացիություն ,սակայն դա տեղի չի ունենում. “Խոսրովի արգելոցի տնօրենը չպետք է համակարգի մաս կազմի, քանի որ դա կարող է խանգարել պաշտոնավարման արդյունավետությանը”: