Հանուն Արցախի` Հռիփսիմե Խուրշուդյանը չեմպիոն է
Հռիփսիմե Խուրշուդյանը քիչ առաջ դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի չեմպիոն:
Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 250 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը առաջին տեղում էր թե պոկում եւ թե հրում վարժություններում:
Ծանրամարտի կանանց Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունից հետո հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին:
«Ես նույնպես միանում եմ իմ ընկերների բարեմաղթանքներին եւ իմ 2 հաղթանակները նվիրում եմ Արցախում զոհված բոլոր մեր հայ զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր մարտնչում են: Մեր զինվորներին եմ նվիրում: Ողջունում եմ բոլորիդ»,- իր ելույթից հետո եթերում ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը (Աննա Գովելյան, 53 կգ, Իզաբելա Յայլյան, 58 կգ, Քրիստինե Պետրոսյան, 63 կգ, Նազիկ Ավդալյան, 69 կգ, Սոնա Պողոսյան, 75 կգ, Արփինե Դալալյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան, 75+ կգ, գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան) պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը: Հռիփսիմե Խուրշուդյանի պես Եվրոպայի չեմպիոն հռչակվել էր նաեւ Նազիկ Ավդալյանը, որը եւս հաղթանակը նվիրել էր Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին: