15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ ԼՂՀ նախագահին, ԼՂՀ կառավարությանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահներին

Դիմում եմ ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից, կին, որը գրել է մեր Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը: Այսօր մենք հայտնվել ենք մեր պետության կորստի եզրին, եւ ոչ այն պատճառով, որ ունենք ահարկու և հարուստ թշնամի, այլ այն պատճառով, որ մեր պետականության 25 տարվա ընթացքում մեր հասարակությունն այդպես էլ չի կարողացել ձևավորել պրոֆեսիոնալ, քաղաքականապես կիրթ իշխանություն, որը կաշխատեր ի նպաստ ժողովրդի և պետության:

Այդուհանդերձ, մենք ունենք պետական ինստիտուտներ, որոնք ստեղծված իրավիճակում պետք է արձագանքեն որպես այդպիսիք: Ոչ ոք չի կասկածում, որ, անկախ Արցախի հասարակության մեջ տիրող տարաձայնություններից, կա մի բան, ինչը ստիպում է արցախցիներին մի կողմ դնել դրանք և մի բռունցք դառնալ. Դա մեր Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն է:

Սակայն, այսօր մեր իշխանությունների պահվածքը չի համապատասխանում ժողովրդի իղձերին ու պահանջներին, որոնք կհամապատասխանեին նրա անվտանգության ապահովմանն ու ցանկությանը՝ ամեն գնով պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, որը ձեռք ենք բերել մեր ազգային-ազատագրական շարժման և Արցախյան պատերազմի շնորհիվ:

Այսօրվա աշխարհում ինքնիշխանությունը միակ հուսալի պաշտպանությունն է աշխարհում տեղի ունեցող զարգացումներից և լայնածավալ պատերազմի սպառնալիքից: Այսօր Արցախի իշխանությունները իրավունք չունեն վտանգել մեր 25 տարվա ձեռքբերումները և մոռացության տալ մեր առաջին ազատամարտի ազատամարտիկների և այսօրվա Պաշտպանության բանակի զինծառայողների դեռ թարմ արյունը, որոնք իրենց խիզախությամբ ոչ մի բանով չեն զիջում իրենց ավագ ընկերներին ու հայրերին, չնայած որ նրանք էլ ստիպված կռվեցին մի թշնամական բանակի հետ, որը բազմաթիվ անգամ գերազանցում է հայկականին` թե թվով, թե զինվածությամբ և հզորությամբ: Եւ հենց այդ հերոսների հիշատակը եւ նրանց թափած արյունը ստիպում են մեզ նույնպիսի արժանապատվությամբ պահել նրանց հիշատակը նաեւ դիվանագիտական դաշտում:Ապրիլյան պատերազմը ջրի երես է հանել մեր անցած ճանապարհի բոլոր թերությունները, և եթե մենք այսօր դրանցից հետևություններ չանենք, ապա արցունքն ու ողբը ընդմիշտ բույն կդնեն մեր հողում, իսկ մեր վերքերը չեն հասցնի բուժվել:

Որպես պետական այրեր, դուք պետք է գիտակցեք, որ Ադրբեջանը Արցախի դեմ նոր ագրեսիա է իրականացրել, որի արդյունքում խախտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան պետական սահմանը, որի անձեռնմխելիության համար, ըստ ԼՂՀ Սահմանադրության, պատասխանատու եք դուք բոլորդ: Բացի այդ, այդ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը վանդալիզմ են գործել, այլանդակելով ծերերի դիակները և գլխատելով գերի ընկած հայկական բանակի զինծառայողին, ինչն արգելված է պատերազմ վարելու մասին միջազգային Կոնվենցիայի նորմերով:

Մենք իշխանություններից սպասում ենք սահմանադրական տարածքը հանձնելու անմիջական մեղավորների հրապարակմանը, ինչպես նաեւ նրանց պաշտոնանկությանն ու դատարան հանձնելուն: Ժողովուրդը չարդարացված զոհերի վերաբերյալ պարզաբանումներ է ուզում, ինչը կցրի ասեկոսեներն ու ենթադրությունները: Արցախի ժողովուրդը բացատրություն է սպասում իշխանություններից, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ…

Ավելին, մենք սպասում ենք մեր երկրի նախագահից, որպես պետական սահմանի և ժողովրդի անվտանգության երաշխավորի, որ նա կդիմի ժողովրդին և Ազգային Ժողովին և կտեղեկացնի, երբ է նա, որպես Զինված Ուժերի Գլխավոր Գերագույն հրամանատար, միջոցներ ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ՝ մեր երկրի ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով:Այս վերջին օրերին մենք տարօրինակ երևույթների ականատես եղանք, երբ ռազմական գործողությունների առաջին օրերին իշխանությունների հնչեցրած բառերն ու գործերը ինչքան էին տարբերվում դրանց հետևած օրերին:

Ոչ ոքի համար աննկատ չմնաց, որ մեր ռազմա-քաղաքական էլիտայի վրա ահռելի արտաքին ճնշում է գործադրվում: Այդ ամենը դժգոհություններ է առաջացրել բանակում, ինչը անթույլատրելի է նման ճակատագրական պահին:

Այսօր Արցախի ժողովուրդը պատրաստ է լսել իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչների հայտարարություններն առ այն, որ նրանց վրա ճնշում է գործադրվում՝ նպատակ հետապնդելով խախտել մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք պատրաստ ենք սատարել իշխանություններին, որոնք պետք է բարձրաձայն հայտարարեն, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով խախտվել է մեր երկրի պետական սահմանը, որը նրանք պարտավոր են վերականգնել, քանի որ դա է իրենցից պահանջում ԼՂՀ Սահմանադրությունը:Համոզված եմ, ժողովուրդը կընդունի նման հայտարարությունը, և դա Արցախի համար կդառնա նոր առանցքային գործոն Արցախի պատմության մեջ, ինչը մեզ համար նոր հնարավորություններ կբացի և դուրս կբերի մեր պետությունը միջազգային ասպարեզ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ եթե դուք չեք երաշխավորում մեր երկրում Սահմանադրության պահպանումը, մենք կդնենք պետական դավաճանության համար երկրի նախագահի լիազորությունները վայր դնելու հարցը, ինչը նախատեսված է ԼՂՀ Սահմանադրությամբ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ, Արցախյան պատերազմի մասնակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ