16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կարևոր որոշումներ կառավարությունից

Կառավարության ապրիլի 6-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 1 մլրդ դրամ տրամադրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը:

  Ապրիլի 6-ին ՀՀ Կառավարության նիստում որոշվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել 1 մլրդ դրամ: Գումարը տրամադրվելու է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից: Համաձայն որոշման՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նշված գումարը պետք է նվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Դեռևս 2013-ին հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի  արդյունքում գոյացել էր 22 մլն դոլարի, որից 12 մլն դոլարը որոշվել էր ուղղել մայուրղու շինարարությանը: Իրականում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարության արժեքը հաշվարկվել էր մոտ 32 մլն դոլար: Հաշվի առբելով ծրագրի կարևորությունն ու հայկական երկու հանրապետությունների համար դրա կենսական նշանակությունը՝ դեռևս անցյալ տարվա վերջին՝ նոյեմբեր ամսվա սկզբին, Կառավարությունը կրկին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով 1,5 մլրդ դրամ փոխանցեց «Հայաստան» համահայկակական հիմնադրամին: Փաստացի ստացվում է, որ Կառավարության երեկ կայացրած որոշումը տրամաբանական շարունակությունն է այն ծրագրի, որն հետևողականորեն իրականացվում է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարության ուղղությամբ:

Ճանապարհի` վերակառուցման ենթակա հատվածի ընդհանուր երկարությունը 115,3 կմ է: Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա երկրորդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: Այս մայրուղին հատկապես կարևոր է ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանների համար, որոնք տնտեսական առումով կապված են հատկապես ՀՀ Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջաններին: Հատկապես վերջին օրերին ծավալված ռազմական գործողությունների ֆոնին Կառավարության այս որշումը շատ կարևոր է, քանի որ այն բացի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, ունի նաև ռազմավարական նշանակություն՝ բանակի կարիքների համար օգնությունն այդ ճանապարհով ավելի շուտ կհասնի, քան Գորիսով: Ճիշտ է, երկու մայրուղիներն էլ ունեն գրեթե նույն երկարությունը՝ մոտ 340-350 կմ, սակայն Երևան-Վարդենիս-Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհն ավելի ուղիղ է և առավել հարմար, քան Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:  Որպես երրորդ ճանապարհ հեանկարում կա նաև Արցախի հարավը՝ Հադրութի ու Քաշաթաղի շրջանները, Սյունիքին կապող  ճանապարհի կառուցման ծրագիրը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

 Կառավարության երեկ կայացած նիստում գործադիրը որոշում է կայացրել ավելի քան 1 մլրդ դրամ ուղղել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելուն:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ժամանակին ճանաչվել է 5363 ընտանիք: Սակայն 2016 թվականի տարեսկզբի դրությամբ դեռևս շուրջ 920 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիր լուծված չի: Կառավարությունը նախատեսում է խնդիրը համալիր կերպով լուծել առաջիկա 2 տարիների ընթացքում: Կառավարության ապրիլի 6-ի որոշմամբ հատկացված ավելի քան 1 մլրդ դրամով նախատեսվում է լուծել բնակարանային պայմանները չբարելաված շուրջ 920 ընտանիքից 183 ընտանիքի բնակարանային խնդիրները: Ըստ այդմ Գյումրիում կլուծվի 100 ընտանիքի բնակարանի խնդիր, Սպիտակում 50 ընտանիքի, իսկ Ախուրյանում՝ 33 ընտանիքի բնակապահովման խնդիրը: Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է Ախուրյան համայնքում ևս 104 ընտանիքի բնակարանային խնդիր լուծել՝ 3 բազմաբնակարան շենքերի կառուցմամբ:

Ինչ վերաբերվում է նշված ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծման եղանակին, ապա Գյումրիում և Ախուրյանում  դա կիրականացվի բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, իսկ Սպիտակ քաղաքում ծրագրի շահառու ճանաչված և մեկ սենյակի հավակնող ընտանիքներինը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Նշված միջոցառումների իրականացման արդյունքում դեռևս լուծման կարիք կունենա ծրագրի շահառու ճանաչված շուրջ 633 ընտանիք:

Կառավարության ապրիլի 6-ի որոշմամբ որոշակի արտոնություններ են տրվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում գործող որոշ  ընկերություններին:

 Կառավարության որոշմամբ «Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը գործունեություն է ծավալում 2009թ.-ից սկսած և թողարկած ողջ արտադրանքն արտահանում է եվրոպական երկրներ: Ընկերությունը նախատեսում է ներմուծել ժամանակակից սարքավորումներ, համալրող սարքեր, ինչն էականորեն կնպաստի մատուցվող կարի ծառայությունների որակի բարձրացմանը: Կառավարության կողմից տրամադրված ներմուծվող սարքավորումների մասով մաքսատուրքերի արտնությունը էապես կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ձեռնարկությունը նախատեսում է ընթացիկ տարում ստեղծել 800 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակներում «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին ներմուծվող ապրանքների մասով հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն է տրվել: «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ի նպատակն է Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա շահագործւմն ու արդիականացումը: Արդյունքում՝ ներմուծելով ժամանակակից սարքավորումներ` ընկերւթյունը պլանավորում է օգտագործել տարածքի գետերի պոտենցիալը և արտադրել էլեկտրոէներգիա: Ներդրումների ծավալը կազմելու է մոտ 19 մլրդ դրամ, որի մոտ կեսը ուղղվելու է սարքավորումներ ձեռքբերմանը: Ընկերւթյունը ստեղծելու է 60 աշխատատեղ` 232.000 դրամ միջին աշխատավարձով:

Ընստ էության նմանօրինակ որոշումները միարժեքորեն միտված են տնտեսության աշխուժացմանն ու զբաղվածության խթանմանը: Բնականաբար արտոնությւն տրամադրելով՝ Կառավարությունը հրաժարվում է որոշակի բյուջետային մուտքերից, սակայն դա լիովին արդարացված է՝ հաշվի առնելով այն սոցիալ-տնտեսական արդյունքը, որ կստացվի ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ