Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով: Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը, քանի որ նորմալ չէ այն հանգամանքը, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն մբողջությամբ:
Հարգելի’ գործընկերներ, Վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները և դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին պարբերաբար զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, ինչպես իրենք են որակում, այլ ՀՀ և ԼՂՀ անվտանգության սպառնալիք: Պարզ դարձավ, որ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է ԼՂ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը: Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև քաղաքական ուժերին, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ և ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին, ՀՀ-ՌԴ միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածին, ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և խզել Ադրբեջանի հետ ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: