Շարմազանովը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին և ողջ հայությանը /վիդեո/
Հայաստանի խորհրդարանը քիչ առաջ իր աշխատանքները սկսկեց` 1 րոպե լռությամբ հարգելով Հայրենիքի պաշտպանոթյան մարտերում հերոսաբար զոհված հայ քաջերի հիշատակը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նիստից առաջ շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին և հասարակությանը աննախադեպ կոնսոլիդացիայի և համախմբվածության համար:
«Երախտագիտությունս եմ հայտնում մեր հանրության բոլոր շերտերին, բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին` ընդդիմադիր ուժերին, ՀԱԿ-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանին, «Ժառանգությանը», «Ազատ դեմոկրատներ»-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ԲՀԿ-ին, Դաշնակցությանը այս աննախադեպ կոնսոլիդացիայի, աննախադեպ համախմբման համար: Շնորհակալ եմ, որ այս դժվար պահին չկա ընդդիմություն ու իշխանություն, այլ կա մեկ միասնական ազգ, որ բոլորս քույրեր ու եղբայրներ ենք: Մենք պետք է կարողանանք դուրս գալ այս դժվարին վիճակից, ուղղակի պետք է հասկանանք, որ տեղի ունեցող իրադարձությունները փորձաքար են մեր անկախ պետության համար, և մենք պարզապես պետք է միասնական լինենք: Շնորհակալություն այս համախմբման համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ելույթից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմող զոհերի ու մեր քաջարի զինվորների հիշատակը:
Այնուհետև Շարմազանովը ընթերցեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ կապված Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած մարտական գործողությունների հետ։
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեստը.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար:
Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունը ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր:
Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում ենք կորստյան ծանր վիշտը, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսևորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաեւ մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը:
Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար:
Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»: