24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար. ՀԲՃ

Մարդկային հիշողությունը ցավոք շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած՝ Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։

Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է Սևանա լճում մինչև 2024 թվականը 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրության կազմակերպում և ամբողջական արտադրական շղթայի զարգացում։ Ձկան արտադրության և իրացման գործընթացները ներառելու են չորս փուլեր․մանրաձկան արտադրություն, ցանցավանդակային տնտեսություններում ձկան բուծում, ձկան վերամշակում, ձկան արտահանում և իրացում։

Չնայած նրան, որ ծրագրում նշված են տարբեր միջոցառումների և ֆինանսական հատկացումների մասին՝ ուղղված Սևանի իշխանի պաշարների վերականգմանը, այնուամենայնիվ սա ընդամենը մի հերթական բիզնես նախաձեռնություն է։ Ակնհայտ է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը ոչնչացման եզրին հասցնելուց հետո, մեր «վայ» կառավարիչները նոր տարբերակ պիտի գտնեին ձկնաբուծական գործունեությունը շարունակելու և ընդլայնելու համար։

Իսկ թե ինչ փոփոխություններ են կարող լինել Սևանի ջրի որակի հետ տարեկան 50 000 տոննա ձուկ աճեցնելու և նույնքան արհեստական կերի օգտագործման արդյունքում՝ կարելի է հասկանալ մի քանի թվերի ուսումնասիրության արդյունքում։ Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության մեջ նշված են որոշ միջազգային փորձագիտական տվյալներ, որոնց համաձայն արտադրված ձկան ամեն տոննայի դիմաց միջավայր է արտանետվում 132 կգ ազոտ և 25 կգ ֆոսֆոր։ Այսինքն նախագծային հզորությանը հասնելու դեպքում մենք ունենալու ենք տարեկան մոտ 6600 տոննա ազոտի և 1250 տոննա ֆոսֆորի արտանետում Սևանա լիճ։

Չկան հստակ պատասխաններ այն հարցերին, թե ի՞նչ հետևանքներ կունենան այդ արտանետումները, իրականում հնարավոր է արդյո՞ք դրանք նվազեցնել ու ինչ ծավալներով։ Սակայն մենք հավաստի տեղեկություն ունենք, որ Սևանի ջրի որակը կտրուկ վատացել էր՝ Շորժա գյուղին հարող տարածքում դեռևս 2012 թվականի օգոստոսից իրականացված ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական փուլի ընթացքում, ընդամենը 50 տոննա ձկան արտադրության արդյունքում։ Այդ փաստը հաստատվել է նաև այդ պիլոտային ծրագիրը իրականացնող կազմակերպության տնօրենի հետ մասնագետների հանդիպման ժամանակ, որին ներկա եմ եղել նաև անձամբ ես։

Մնում է միայն պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրականություն դառնա այս վտանգավոր ծրագիրն ու մանրաձուկը տրամադրվի տարբեր անհատ գործարարների, որոնք էլ 12 ցանցավանդակային տնտեսություններում սկսեն արհեստական կերով աճեցնել տարեկան 50 000 տոննա ապրանքային ձուկ։ Ինչքան էլ փորձեն մեզ բոլորիս համոզել, թե լուրջ վերահսկողություն կիրականացվի և խնդիրներ առաջանալու դեպքում ծրագիրն անմիջապես կդադարեցվի, հայաստանյան իրականության բոլոր նրբությունները հաշվի առնելով՝ ուղղակի անհնար է հավատալ և վստահել այդ պնդումներին։

Իհարկե այս ծրագրում կան նաև այլ լուրջ էկոլոգիական վտանգներ (ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում ու փոխանցում ձկների վայրի հանրույթ, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական և քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկնատեսակների փախուստ ցանցավանդակներից և նրանց խաչասերում վայրի ձկների հետ, տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում, ցանցավանդակների բուսաճ, տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ և այլն), սակայն միայն Սևանի ջրի որակին սպառնացող վտանգների մասին վերոնշյալ հանգամանքները լիովին բավական են այս ծրագիրը հակաէկոլոգիական և հակաբնապահպանական գնահատականի արժանացնելու համար։

Լևոն Գալստյան– աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ