Թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են եղել. բացահայտում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է որոշ տվյալներ Երեւանում վնասազերծված զինված խմբի աղմկահարույց գործով քննության ընթացքի մասին:
ԱԱԾ ներկայացուցիչը նշել է, որ խմբի հիմնական նպատակն է եղել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելը: Խմբի նշանակետում են եղել պետական իշխանության մարմինները, ադ թվում նախագահի նստավայրը, խորհրդարանը, ՍԴ-ն, նաեւ Հանրային հեռուստատեսությունը, որը նշված էր որպես «Էյֆել»: Հեղաշրջումը ծրագրում էին իրականացնել նոյեմբերի կեսերին: Իրավապահների տեսադաշտում խումբը հայտնվել էր սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին:
Մամուլին ներկայացվեցին խմբից առգրավված զինամթերքի, հագուստի՝ այդ թվում ոստիկանական համազգեստի լուսանկարները: ԱԱԾ ներկայացուցչի խոսքով, պարզվել են նաեւ ֆինանսավորման ու սպառազինման աղբյուրները: Խմբի անդամները օգտագործել են հատուկ հեռախոսահամարներ, որոնցով կապվում էին իրար հետ: Հեռախոսահամարները պարզվել էին ու նրանց հեռախոսները սկսել էին գաղտնալսել:
Խմբի անդամների մոտ հայտնաբերվել է Երեւանի քարտեզը, որտեղ նշված էին ծրագրվող գործողությունների վայրերը, նաեւ այն կամուրջները ու խաչմերուկները, որտեղ պետք է խցանումներ առաջացնեին, որպեսզի թույլ չտային ժամանակին օգնության հասնել: Հայտնաբերվել է մի էջ, որտեղ նշված են խմբի անդամների անունները, նրանց տրամադրված զենքը ու մականունները: Խմբի անդամները նաեւ ուսումնասիրել են պետական մարմիններում նաեւ գործող նախագահի նստավայրում տեսախցիկների տեղակայման դիրքերը ու անվտանգության աշխատակիցները աշխատանքը: Հայտնաբերվել են նաեւ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների տների լուսանկարները: Պարզելու համար, թե ինչպես է աշխատում նախագահի անվտանգության ծառայությունը, խմբի ղեկավարն անձամբ է նկարահանել Սերժ Սարգսյանի այցելությունը Գյումրիում եկեղեցու բացմանը:
Համբարձումյանը նշեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է Իսպանիայի, Լիբանանի, Սիրիայի գործընկերներին հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գործողությունների մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով:
Անդրադառնալով Արթուր Վարդանյանի` Քեսաբի ազատագրմանը մասնակցելու հետ կապված տեղեկություններին` նա փաստել է, որ Վարդանյանն իսկապես եղել է Սիրիայում և մասնակցել է ինչ-ինչ գործողությունների:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 147 անձանց, այդ թվում՝ պատգամավորների, գործարարների եւ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների մասին տվյալներ են հավաքել, որոնք վերաբերել են նրանց կենսագրությանը, ընտանիքներին, բնակության վայրերին։