Րաֆֆու զրուցակիցը Հովիկ Աբրահամյանը չէ /վիդեո/
”Իմ զրուցակիցը Հովիկ Աբրահամյանը չէ, Սերժ Սարգսյանն է:
Ես պատրաստ եմ երկխոսության և եթե ինքը համազգային հաղթանակը, համազգային այս տագնապը հաղթահարելը հանձն առնի, եթե առաջարկ ունի ինձ, ես պատրաստ եմ լսել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ ինքը ետ չի կանգնելու և, հնարավոր է, որ պայքարը բավական երկարատև լինի: Հարցին, թե մտավախություն չունի, որ ժողովուրդը կարող է հոգնել երկրատաև պայքարից և ետ կանգնել, պատասխանեց. ”Ես նման մտահոգություն չունեմ և կարծում եմ, որ ժողովուրդը չի լքի ինձ: Համազգային գործ ենք անում և բոլորս գիտենք, թե ինչ վիճակ է երկրում, ինչ ընտրությունների միջով անցանք: Դրա համար եմ ես միշտ ասում, որ հնարավոր է երկարատև պայքար լինի”:
Խոսելով ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար ՍԴ դիմելու որոշման մասին` Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը իրենք վաղը խորհրդի կարգով կքննարկեն ժողովրդի հետ, իսկ հաջորդ օրը` մարտի 3-ին, նա իր վերջնական որոշման մասին կհայտարարի: Ամեն դեպքում նա նշեց, որ ընտրությունների ընթացքում բավական շատ են եղել կեղծիքները և իրենք դրանց մասին փաստեր ունեն: Սակայն ինքը ”Ժառանգության” ղեկավարն էլ համաձայնեց, որ իրենք ընտրախախտումների արձանագրության առումով պիտի ավելի կազմակերպված լինեին:
Ինչ վերաբերում է նրան, որ ”Ժառանգության” պատգամավորները մյուս խմբակցությունների անդամների հետ բանակցություններ են վարում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ապա Հովհաննիսյանն արձագանքեց. ”Մեր խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ ես մշտապես կապի մեջ եմ, և տեղյակ եմ Ազգային ժողովում կատարվող իրադարձությունների մասին: Դա մեր ֆրակցիայի ինքնուրույն հայեցողության տեսակետն է, դա իմ վրա չի տարածվում”: