Լրագրողների հավատարմագրման հարցում խնդիր կա
Լրագրողների ու դիտորդների քանակի՝ ընտրատեղամասում սահմանափակման հարցը անհանգստանցնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու հատկապես՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին:
Անդրադառնալով այս հարցին Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարկ է մշակել այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի անել այնպես, որ լրագրողի անվան տակ վստահված անձինք մուտք չգործեն ընտրատեղամաս:
Դա անելը մինչ այս, բնականաբար, բավականին հեշտ էր: Հնարավոր էր մեկ օրում հավատարմագրվել որեւէ լրատվամիջոցում՝ որպես լրագրող, ապա գնալ ընտրատեղամասեր:
Անդրադառնալով այս հարցին՝ իրավապաշտման Արթուր Սաքունցը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողների ու դիտորդների սահմանափակումը տեղամասերում իրավիճակն ավելի կվատթարացնի: Ըստ Սաքունցի՝ այդպիսի որոշում կայացնելը, միանշանակ, սխալ կլինի:
‹‹Եթե մարդը կարող է մեկ օրում դառնալ պատգամավորի թեկնածու կամ որոշակի գումարի դիմաց կարող է ընդգրկվել կուսակցական ցուցակում, չենք զարմանա չէ՞: Կամ, ասենք՝ լինում են դեպքեր, որ ցուցակներում թեկնածուներն ընդգրկվում են ըստ այն հանգամանքի՝ թե վերջինս ինչ զանգվածների կարող է ստիպել, ճնշել, որ ընտրեն իրեն:
Նույնիսկ այնպես է լինում, որ մարդը միանգամից ԱԺ նախագահից դառնում է վարչապետ: Պատգամավորներներից շատերն էլ՝ հատկապես իշխող կուսակցությունից, չգիտեն, թե ինչ է ԱԺ-ն կամ որոնք են պատգամավորի ֆունկցիաները: Շատ այդպիսի բաներ կան: Հիմա էլ խնդիր է դարձել, թե լրագրողը երբվանի՞ց է դարձել հավատարմագրված կամ կեղծ դիտորդներ կան, թե՞ ոչ: Չի եղել մի դեպք, որ լրագրողների ու դիտորդների քանակը ընտրատեղամասում խնդիրներ առաջացնի: Այդպիսի դեպք պարզապես չի գրանցվել:
Եթե որակի հետ կապված խնդիր է եղել, կարող եմ ասել, որ անորակ դիտորդների ներդրողները հենց ՀՀԿ-ն է կամ այդ ուժի հետ կոալիցիա կազմած ուժերից մեկը: Միայն իրենք ունեն այդպիսի մեծ ֆինանսական ռեսուրսներ: Թե չէ, ասենք՝ ես, օրինակ, կարո՞ղ եմ այդքան մարդ հավաքագրել: Իշխանությունները թող այս դեպքերին ուշադրություն դարձնեն, ոչ թե աղավաղեն անաչառ լրագրողի կատարած աշխատանքն ու դիտորդական առաքելության իստիտուտը ››:
Ըստ Սաքունցի՝ կեղծիքների դեմ պայքարող հիմնական ուժերը լրագրողներն են ու դիտորդները:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի ցանկանում Սաքունցին մեկնաբանել.
‹‹Սաքունցի ասածը մեկնաբանել չեմ ուզում: Այդտեղ խնդիր կա, անշուշտ, և այն պիտի լուծվի: Դա քննարկման ենթակա է: Քննարկումները շարունակվում են: Մի սկզբունքի մենք ուշադրություն ենք դարձնում. այն լրագրողները, ովքեր իրոք անաչառ են ու ուզում են լրատվություն ապահովել, պետք է ընտրատեղամասում աշխատեն առանց խնդիրների ու խոչընդոտների բախվելու:
Հետևաբար, պետք է ասեմ, որ մենք էլ հակված ենք նրան, որ այս հարցը ճիշտ լուծում ստանա: Իսկ մնացած որակավորումներին, ինչպես ասացի, հարկ չեմ համարում անդրադառնալ: Կարծում եմ՝ անիմաստ է››, – ընդգծեց Հովհաննես Սահակյանը: