Ավագ հինգշաբթիի ժամանակացույցը
Ավագ հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում` արարողությունները սկսվում են առավոտյան և տևում մինչ ուշ գիշեր:
Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու բոլոր խորհուրդներին:
Մարտի 24-ին`
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ:
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ:
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կարգը կատարի թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ոտնլվայի կարգի ժամանակ Ս. Խորան են բարձրանում շապիկներ հագած, մկրտված տղաներ, ում ոտքը լվանում է եկեղեցու ավագ հոգևորականը, ինչպես Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերը:
ժ. 19.00-ին` Խավարման կարգ:
Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին