“Լուրջ հարց”
Հարգելի հայրենակիցներ,
Փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահական ընտրությունները, որոնք անցան աննախադեպ հանգիստ մթնոլորտում` ազատ եւ թափանցիկ, խոսքի ազատության, հանդուրժողականության եւ քաղաքական բարեկիրթ մրցակցության պայմաններում: Եվ պատահական չէ, որ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած անխտիր բոլոր միջազգային կազմակերպությունների գնահատականներում ամրագրված է այն հսկայական առաջընթացը, որն առկա էր թե նախընտրական քարոզչության եւ թե բուն ընտրությունների ընթացքում: Թե ԱՊՀ եւ թե Եվրոպական դիտորդական կազմակերպությունների գնահատականների միասնականությունն այս հարցում, կարծում եմ, բավականաչափ խոսուն է:
Հարգելի գործընկերներ,
եթե հիշում եք, մինչ ընտրություններն իրենց քաղաքական ձախողումներն արդարացնելու նպատակով որոշ քաղաքական շրջանակներ փորձում էին հանրությանը հուսահատեցնել` անընդհատ նշելով, որ այս ընտրությունները մրցակցային չեն, որ դրանց ելքը կանխորոշված է եւ այլն: Մինչդեռ ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացավ ընտրողների ձայների 58,64, իսկ “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը`36,74 տոկոսը:
Ասել է թե` շուրջ 190 000-ով ավելի, քան նախորդ ընտրություններում ընդդիմության միասնական առաջնորդ համարվող եւ քաղաքական թեժ մրցակցություն ապահովող թեկնածուն: Սա ի միջի այլոց`բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում սովորել են անընդհատ ժողովրդի անունից խոսելով` ժողովրդի փոխարեն ամեն ինչ կանխորոշել:
Բայց ժողովուրդն իր կամքը հստակ արտահայտեց` քվեների գերակշիռ մասը տալով եւ իր հույսը կապելով Սերժ Սարգսյանի հետ: Միեւնույն ժամանակ մեր ժողովրդի այն հատվածը, որն իր ձայնը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, եւս մեր քաղաքացիներն են, որոնք սակայն, պետք է գիտակցեն, որ այնուամենայնիվ 36,74 ավելի քիչ է, քան 58,64 տոկոսը, ինչը չի նշանակում, որ նրանց ձայնն ու նրանց դժգոհությունն իշխանությունների կողմից հաշվի չի առնվելու:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ընդամենը ինն ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում մեկ այլ կուսակցության հետ համատեղ “Ժառանգության” ստացած 5 տոկոս ձայներից հետո ներկայիս 36,7 տոկոսից Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ քաղաքական գլխապտույտ է սկսվել եւ նա սկսել է կորցնել իրականության զգացումը, սակայն ժողովրդի հաղթանակից խոսող թեկնածուին հարիր չէ փորձել խեղաթյուրել այդ նույն ժողովրդի կամքը, որը նա հստակ արտահայտել է քվեարկության միջոցով:
Ընտրությունների արդյունքում պարտված թեկնածուն անընդհատ հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են: Սակայն այդպես էլ չի բացատրում, թե այդ դեպքում ինչպես է պատահել, որ բոլոր 1988 ընտրատեղամասերում ստորագրել են արձանագրությունների տակ: Չի բացատրում, թե ինչու են իրենք մինչ օրս դիմել ընդամենը 10 ընտրատեղամասերի վերահաշվարկի պահանջով:
Թե ինչու չեն դիմել, որպեսզի ԿԸՀ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները, թե ինչու եռօրյա ժամկետում չբողոքարկեցին ընտրական հանձնաժողովների որոշումները և այլն, և այլն: Բայց` ունկնդրելով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթները, արդեն իսկ հասկանալի է դառնում, թե ինչու նրանք չեն օգտվել այդ հնարավորությունից: Քանի որ այդ դեպքում էլ ավելի դժվար կլիներ ընտրակեղծիքների մասին կեղծ, շինծու պնդումներ անելը:
Այդքանով հանդերձ, ընտրություններում հաղթած թեկնածուն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, դրսեւորելով ուժեղին հատուկ մեծահոգություն, ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հրապարակավ հայտնեց իր պատրաստակամությունը` երկու գործիչների խոսակցությունը լրագրողների ներկայությամբ ծավալելու մասին:
Թե ինչպիսին եղավ արձագանքը` տեսանք բոլորս: Պակաս տարակուսելի չէր այն փաստը, որ այդ հանդիպումից հետո, փոխանակ իրեն սպասող համախոհներին ներկայացներ հանդիպման մանրամասները, նրանց թողնելով փողոցում` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շտապում է դիվանագիտական հանդիպումների:
Այդ ինչ դիվանագիտական հանդիպումներ են, որ ժողովրդի հաղթանակից խոսող թեկնածուի համար ավելի կարեւոր են, քան այդ նույն ժողովուրդը: Սա, կարծում եմ, շատ լուրջ հարցադրում է, որը պետք է իր համար անի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին գնացող յուրաքանչյուր քաղաքացի:
Ներկայացվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հայտարարությունը: