14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծաղկազարդ` Տիրոջ մուտքը Երուսաղեմ. մանուկների օրհնության օր

Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 20-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է:

Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ 21:9): Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը:

Տիրոջ մուտքը Երուսաղեմ

Տերն այսօր Երուսաղեմ գալով՝ դնում է Իր փրկագործության սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրա, որի մասին մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. եկե՜ք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սաղմ. ՃԺԷ 24): Նաև՝ «Մե՜ր Տեր Աստվածն երևաց մեզ, կատարեցե՜ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի» (Սաղմ. ՃԺԷ 27): Իսկ մեկ այլ տեղում ասում է. «Թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առջև, որ գալիս է» (Սաղմ. ՂԵ 13):

Նախ տեսնենք, թե ինչո՞ւ Քրիստոս այսօր եկավ Երուսաղեմ, Իր չարչարանքների վայրը: Վարդապետներն ասում են, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մարդկանց փրկության համար: Դրա օրինակը բերված է «Ելից» գրքում: Աստված հրամայում է, որ նիսան ամսվա տասներորդ օրը Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը վերցնի մեկ տարեկան, անարատ և արու գառ, և պահի այն մինչև այդ ամսվա տասնչորսերորդ օրը, ապա երեկոյան զոհաբերի (տե՜ս Ելք ԺԲ 4-6): Այս օրինակից հայտնի է դառնում, որ հրեաները զատկական գառը՝ Զատկի տոնից հինգ օր առաջ տանում էին տուն:

Եվ Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին՝ Հայր Աստծու Գառը, տոնից հինգ օր առաջ եկավ Երուսաղեմ: Ըստ Հովհաննեսի վկայության՝ «Հիսուս Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել» (Հովհ. ԺԲ 1), և այդ օրը շաբաթ էր: Հաջորդ օրը Հիսուս գնում է Երուսաղեմ, որը լուսնի տասներորդ օրն էր:

Իսկ հիգշաբթի օրը լուսնի տասնչորսերորդ օրն էր: Քանի որ հրեաները գառնուկին մորթում էին երեկոյան, այդ պատճառով էլ Նրան ձերբակալում են գիշերամիջին, մերկացնում ու նախատում, ինչին Հիսուս համբերում է գառան հեզությամբ: Այդ մասին վկայում է Եսային. «Ինչպես ոչխար՝ Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման Իր բերանը չի բացում» (Եսայի ԾԳ 7):
Պետք է նաև այն իմանալ, որ հրեաները շատ անգամ էին ցանկացել բռնել Նրան ու սպանել, սակայն Քրիստոս խույս էր տվել նրանցից, որովհետև Իր ժամը դեռ չէր հասել: Իսկ այսօր, երբ հասնում է ժամը, Իր կամքով գալիս է Երուսաղեմ՝ չարչարանքների վայրը, որպեսզի Իր մահով փրկի աշխարհը:

Հարց. -Ինչո՞ւ այսօր Տերը մեծ պատիվ ընդունեց հրեաներից:

Պատասխան. -Քրիստոս Իր մահվանը մոտենալով, այդ պատիվը նախատինքով հանձն առավ և գործով ցույց տվեց, որ աշխարհի փառքի վախճանը նախատինքն է: Նա այդ օրն ութ պատիվ ընդունեց հրեաներից, իսկ Ավագ ուրբաթ, դրա փոխարեն, ութ նախատինք կրեց:

Առաջին՝ որ այսօր Նրան մեծ պատվով դիմավորեցին Երուսաղեմում, իսկ ավագ ուրբաթ օրը, նույն Երուսաղեմում, անարգանքով խաչը հանեցին:

Երկրորդ՝ այսօր Նրա աշակերտները հնազանդ էին ու կատարում էին Նրա հրամանները, իսկ ուրբաթ օրը թողեցին ու փախան: Երրորդ՝ այսօր հրեաները տարածում էին իրենց հանդերձները Հիսուսի ոտքերի առջև, իսկ ուրբաթ օրը Հիսուսին մերկացրին: Չորրորդ՝ այսօր օրհնում էին Նրան ասելով՝ «Օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով», իսկ ուրբաթ օրը՝ անիծում և ասում՝ «Վա՜հ, Դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում» (Մատթ. ԻԷ 40): Հինգերորդ՝ այսօր ծառի ոստեր էին մատուցում Նրան, իսկ ուրբաթ օրը, կապելով քարե սյանը, ծեծում:

Վեցերորդ՝ այսօր իրենց զգեստները գցում էին ավանակի վրա, իսկ ուրբաթ օրը՝ կոպտությամբ բևեռեցին խաչի վրա: Յոթերորդ՝ այսօր Նրան թագավոր էին ասում. «Օվսաննա՛, օրհնեա՛լ լինես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՜վ Թագավոր Իսրայելի» (Հովհ. ԺԲ 13), իսկ ուրբաթ օրն ուրացան Նրան ու ասացին. «Չունենք մենք այլ թագավոր, բացի կայսրից» (Հովհ. ԺԹ 15): Ութերորդ՝ այսօր Նրան Փրկիչ էին կոչում՝ ասելով. «Օվսաննա՛», որ թարգմանվում է «փրկի՜ր մեզ», իսկ ուրբաթ օրը Նրան մոլորեցնող էին անվանում ու ասում. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարողանում փրկել» (Մատթ. ԻԷ 42):

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ: Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:

Հատված՝ Արամ Դիլանյանի «Տերունական տոներ» գրքից և «Սյունյաց կանթեղ» (ամսաթերթ)-ից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ