Բարեւ-ը տանելու է քաղաք ու գյուղ /վիդեո, ֆոտո/
Երեւանի Ազատության հրապարակում կիրակի` փետրվարի 24-ին կայացած ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքը կարճ տեւեց: Միայն ելույթ ունեցավ նա, քանի որ հանրհավաքը արտոնված չէր: Թեկնածուն շնորհակալություն ահյտնեց ոստիկաններին, որ թույլատրեցին նրան ելույթ ունենալ եւ ապահովվեցին էլեկտրաէներգիայով: Իսկ արտոնված հանրահավաք կլինի փետրվարի 28-ին ժամը 17-ին:
“Այս հավաքի համար մենք մի փոքր ուշացանք, հայ ենք, ներող կլինենք: Բայց շնորհակալ ենք ոստիկանությունից, որ մեզ հետ են, ապահովում են հոսանքը, որ մի քանի րոպե խոսեմ ձեզ հետ”,-ասաց նա: Հովհաննիսյանը այս անգամ նախապես պատրաստել էր ելույթը եւ կարդաց:
“Ազատության հրապարակն այլեւս կուսակցություններ չեն ճանաչում: Այստեղ կանգնած է առաջին հերթին Հայաստանի քաղաքացին, ով գիտի, որ մենք ունենք մեկ դրոշ, մեր ազգային դրոշակը: Այստեղ կանգնած են անգամ այն մարդիկ, ովքեր իրենց քվեաթերթիկներն անվավեր ճանաչեցին: Այստեղ մեզ հետ է 88-ի շունչը, եւ 2008-ի ոգին: Մեզ հետ են ժողովրդի կողմից ընտրված նախագահները` Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը”,-ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի, մեր միակ փրկությունը մեր միասնական ուժի մեջ է: “Այսօր Արարատյան դաշտում մի նոր ջրհեղեղ է բարձրանում, որը գալիս է մաքրելու մեր երկիրը իր բոլոր կեղտերից, ստերից, ստորություններից, եւ որի ալիքի տակ խեղդվել է վախը, ստրկամտությունը, որոնք հայկական արժեքներ չեն, խեղդվելու են այդ օտար արժեքները”,- ասաց նա:
Երկուշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքերը: Հայտարարումից մեկ ժամ անց Րաֆֆի Հովհաննիսյանը կհրավիրի ասուլիս եւ կպտասխանի բոլոր հարցերին:
“Արդեն սա Հայաստանի իշխանությունների եւ այդ հանձնաժողովի ճշմարտության պահն է: Լավ թող մտածեն` իրավունքով, օրենքով, ժողովրդով եւ իմաստությամբ: Այդ հայտարարությունից մեկ ժամ անց ես ասուլիս եմ տալու: Ով հարց ունի իր սրտում, իր մտքում, իր պատասխանը կստանա”,-ասաց “Ժառանգության” առաջնորդը: Փետրվարի 26-ից 28-ը նա կլինի մարզերում:”Հեղափոխության բարեւն են տանելու քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, խաղ չկա, ճար չկա, մեր հաղթանակն է լինելու ”,-հայտարարեց Հովհաննիսյանը:
Հանդիպումների ժամանակացույցը ներկայացնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ հարգելով ոստիկանությանը, ավարտում է հանրահավաքը եւ իր ընտանիքի հետ գնալու է Եռաբլուր` հարգելու զոհված ազատամարտիկների հիշատակը: “Սա երթ չէ, եթե ուզում եք, կարող եք մայթերով, ընտանիքներով քայլել դեպի Եռաբլուր: Եթե ուզում եք որեւէ բան վանկարկել, միայն մեր երկրի անունը, ուրիշ ոչ մի բան”,- նշեց նա: