Խաչիկյանի փաստաբանը ծանուցագիր չի ստացել
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը Henaran.am– ի հետ զրույցում ասաց, որ դեռ ծանուցագիր չեն ստացել,թե երբ է դատական առաջին նիստը:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ առաջին նիստը մարտի 5-ին է: “Չեմ կարող ասել, “Դատալեքսում” էլ դրված չի, փետրվարի 21-ին պիտի նշանակվեր նախնական նիստի օրը”,-ասաց Վարոսյանը:
Փաստաբանի խոսքով, Խաչիկյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները:
Վ. Խաչիկյանը մեղադրվում է թոշակների յուրացման մեջ եւ նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ Խաչիկյանի մյուս փաստաբան Տիգրան Աթանեսյանը զբաղվածության պատճառով նախաքննության փուլում հրաժարվել էր պաշտպանությունից եւ ասել էր դատական փուլում կմիանա: “Խաչիկյանը երկրորդ փաստաբան ներգրավվելու մասին բան չի ասել, տեսնենք, եթե անհրաժեշտություն լինի, գուցե նոր փաստաբան ներգրավվի գործում”,-ասաց Վարոսյանը:
Դատական գործը Կենտրոն եւ Նոր նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավարը Մխիթար Պապոյանի վարույթում է: Ի դեպ, Պապոյանը նաեւ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”է՝ Կարեն Արայանի եւ հայտնի “բանդա”-ի գործերի դատավորն է եղել: