Ծաղկազարդի տոնը` մանուկների օրհնության օր
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը տոնախմբելու է մարտի 20-ին:
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Տոնի կապակցությամբ այս տարի նույնպես հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`
- Առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ,
- Ս. Պատարագի ավարտին` ժամը 13:00-ին, Ս. Տրդատի բաց խորանի առջև կկատարվի մանուկների օրհնություն:
Այս առիթով, օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը կիրականացնի «Ծաղկազարդը Մայր Աթոռում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր թեմերից սոցիալապես անապահով շուրջ 300 մանուկներ, որոնցից 100-ը` սիրիահայ ընտանիքներից, Մայր Աթոռում կմասնակցեն Ս. Տրդատի բաց խորանի առջև կատարվելիք մանուկների օրհնությանը:
Էջմիածնի հայորդյաց տանը մանուկները ներկա կգտնվեն տոնական համերգի: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրանց կբաշխվեն նվերներ` պատրաստված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի և «SOAR» բարեգործական կազմակերպության միջոցներով: