«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել
Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց:
ՀՀ քաղաքացիների, միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցների, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների համոզմամբ՝ քաղաքացու քվեն մշտապես կեղծվել, գողացվել ու անարգվել է.
- լցոնումների ու երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկությունների,
- իշխանական ռեսուսների ի չարս օգտագործման,
- քաղաքացիների ահաբեկման ու կաշառման,
- ընտրակեղծարարների պարտակման եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման միջոցով:
Հանրությունը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը մշտապես հանդես են եկել մեծամասնական ընտրակարգին դեմ, քանի որ վերը թվարկված պետական հանցագործությունների հիմնական կազմակերպիչներն ու իրականացնողները ՀՀԿ-ականներն են, թաղային հեղինակությունները եւ օլիգարխները, որոնք առաջադրվում էին մեծամասնական տեղերում ընտրվելու համար՝ միաժամանակ ընդլայնելով ընտրակեղծարարության շրջանակները հօգուտ իշխող կուսակցության:
Ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծով նահանջ է արձանագրված գրեթե բոլոր կարգավորումներում, որոնք պետք է ապահովեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություների անցկացումը: Մասնավորապես՝
- սահմանափակված են հանրային վերահսկման եւ լրատվամիջոցների լուսաբանման հնարավորությունները, դիտորդների ու վստահված անձանց լիազորությունների իրացումը,
- ընդլայնված են կրկնաքվեարկությունների եւ այլոց փոխարեն քվեարկելու հնարավորություններն ու սողանցքները,
- էապես նվազեցված են ընտրական գործընթացներին սուղ պայմաններ ունեցող կուսակցությունների եւ միավորումների մասնակցության շանսերը,
- նվազագույնի են հասցված արդյունքների բողոքարկման միջոցները:
Միաժամանակ այսպես կոչված՝ համամասնական ընտրակարգի քողի տակ առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որի ժամանակ ավելի վառ են դրսեւորվելու մեծամասնական ընտրական համակարգի արատները: Դժվար չէ պատկերացնել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակների բովանդակությունը 13 ընտրատարածքներում: Դրանք տեղի իշխանիկների, օլիգարխների եւ թաղային հեղինակությունների ցուցակներ են լինելու, որոնք առավել մեծ ջանասիրությամբ են լծվելու ընտրակեղծարարության, ընտրակաշառքի ու քաղաքացիների ահաբեկման գործին:
«Ժառանգություն» կուսակցությունը խորին մտահոգություն ու հիասթափություն է հայտնում նոր ԸՕ-ի շուրջ ծավալված գործընթացների առնչությամբ: Ներկայացված նախագիծն այնքան արատավոր է, որ մի շարք փոփոխությունների դեպքում անգամ չի կարող լիարժեք ապահովել արդար, թափանցիկ ու ազատ ընտրություններ: Այդպիսի փաստաթղթով ընտրությունների նախաձեռնումը արտագաղթի նոր ալիք է առաջացնելու եւ վերջնականապես երկիրը նետելու է միակուսակցական ճահճի մեջ:
Սթափ դատող բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին, երիտասարդական հոսանքներին, քաղաքացիներին կոչ ենք անում համախմբվել այս ազգադավ գործողությունները դադարեցնելու եւ երկրում իրական փոփոխություններ կենսակոչելու գործի շուրջ:
«Ժառանգություն» կուսակցությունը սատար է կանգնելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են կանխելու իշխանության ապօրինի վերարտադրության նախապատրաստումը, կուսակցական դիկտատուրայի հաստատումն ու քաղաքացիների իրավունքների ոտնահարումը:
14 մարտի 2016
Երեւան
«Ժառանգություն» կուսակցություն