Ազատամարտիկը 18 օր հացադուլի մեջ է
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից հացադուլի մեջ է:
Աղասի Մարտիրոսյանի առողջական վիճակը անհանգստացնող է: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան՝ Լիանա Բալյանը:
«Ես երեկ հանդիպել եմ իմ պաշտպանյալին: Նա շատ հյուծված ու հիվանդ տեսք ուներ՝ տասը կիլոգրամ նիհարել էր: Աղասին 3-րդ կարգի հաշմանդամ է ու պատերազմի ժամանակ կանտուզիա է ստացել»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ Աղասի Մարտիրոսյանը չի ընդունում իր մեղքը: Նրա կալանավորումը ևս երկու ամսով հետաձգվել է փետրվարի 5-ից:
Փաստաբանն ընդգծում է` իր պաշտպանյալին կալանքից ազատելու համար բոլոր հիմքերն առկա են.
«Դեկտեմբերի 12-ին ձերբակալված Աղասի Մարտիրոսյանը ունի հիվանդ մայր , երկու անչափահաս երեխա, ինքը տան միակ կերակրողն է: Տունը գրավի տակ է հիմա ու ամիսը 500 դոլար ավելի գումար է կուտակվում: Այս հանգամանքը ևս շատ ծանր է անդրադառնում նրա վրա: Իր մեղքի առկայությունը այս գործում չկա ու թեև քննչական մարմինը նշում է, որ կալանավորել են, որ երկրից չգնա հիմնավոր չէ:
Երեկ մեր հանդիպման ժամանակ Աղասի Մարտիրոսյանը ասաց, որ 1992 թվականից սկսած ինքը հնարավորություն ունեցել է երկրից գնալու, բայց այդ քայլին չի դիմել, որովհետև հայրենասեր է: Արտագաղթելու նպատակ չունի և կմահանա իր հայրենի հողում»:
Հիշեցնենք, 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: