Վովա չեն դառնա
Քանի որ կան մարդիկ, որ շարունակում են ինձ հույժ բարեկամաբար խելք ու խրատ տալ, թե Վովային ինչի ես պաշտպանում, ուզում եմ ընդամենը մի քանի նկատառում հայտնել: Առաջին հերթին այն, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը իմ /և ընդհանրապես՝ ոչ ոքի/ պաշտպանության կարիքը չունի: Երկորդը՝ ես նրանից /և ընդհանրապես՝ ոչ ոքից. ով կուզի՝ հավատա, ով կուզի՝ թող չհավատա, ինձ բացարձակապես դա չի հուզում/ ոչ մի ակնկալիք չեմ ունեցել և չեմ ունենա երբեք:
Ուղղակի ես նրան լավ եմ ճանաչում և ունեմ իմ վերաբերմունքը՝ անկախ որևէ մեկի ճաշակից ու տրամադրությունից Վլադիմիր Գասպարյանը ինձ համար թանկ մարդ է: Խոսքս հատկապես այն տղամարդկանց մասին է, ովքեր արդեն վաղուց երիտասարդ չլինելով էլ՝ չեն հաղթահարել խանդն ու նախանձը շատ ու շատ առումներով իրենցից ակնհայտորեն առավել և առնվազն առավել հմայիչ ու խարիզմատիկ մարդու հանդեպ: Չեմ զարմանում, որ նրանց թվում կան նաև բարձր դիրք ունեցող, ի վերջո կայացած համարվող մարդիկ. նրանք իրենց հոգու խորքում ավելի լավ գիտեն, որ ինչ էլ անեն, ուր էլ հասնեն՝ Վովա չեն դառնա:
Ուրեմն՝ ինչու եմ հանրայնացնում իմ կարծիքը, ինչու եմ ուզում, որ մարդիկ նաև այս հայացքով տեսնեն նրան: Շատ պարզ պատճառով՝ որովհետև իմ խոսքի մեջ կեղծիք չկա, որովհետև սա ազատ մարդու կարծիք է, որին կարող են համաձայն լինել, կարող են և առարկել:
Վլադիմիր Գասպարյանն անկեղծ է, երբ ասում է՝ Հայրենիքը սիրելը դժվար չէ, մանավանդ, եթե ամբիոնի մոտ ես ու ծափեր ստանալու համար մի քանի բարձրագոչ բառերն ու սրտաճմլիկ խոսքերն էլ բավական են։ Նույնքան հեշտ է սիրել նաեւ ազգն ու ժողովրդին։
Դժվարը մարդուն սիրելն է, կոնկրետ մարդու` նրա ցավը հասկանալով, կիսելով, օգնելով, աջակցելով: Ահա, այս մոտեցումը՝ պետական բարձրագույն իշխանություն կրողի և տղամարդու, ինձ համոզում է, որ ես չեմ սխալվում, և նա շարունակում է մնալ Արցախյան պատերազմից սկսած և մյուս փորձությունների ժամանակ՝ ամենադժվար պահերին, իրեն արժանապատիվ պահել:
Ես չեմ զարմանում, որ Վոլգոգրադի քննչական միջազգային բարձրագույն դպրոցում գեներալի համակուրսեցիները նրան հիշում են այդքան սիրով ու հարգանքով՝ Վովան բացառիկ էր, շատ հեղինակավոր էր ու հարգված, նրան բոլորն էին ճանաչում։ Բուհի կուսկազմակերպության քարտուղարն էր։ Վովան բոլոր հայերի ընկերն էր, հովանավորն ու բարեկամը։ Իրեն պատասխանատու էր զգում բոլորի համար:
Չարությունն ու մաղձը եթե թույլ տան, հիմա էլ կտեսնեն, պատասխանատվության այդ զգացումը: Այլ կերպ ասած՝ բոլոր հարաբերությունների մեջ բարոյական մնալու իր ապրելակերպը: Այո, խոսքս նաև պուտանկաներից՝ լինեն կին, թե տղամարդ / դրանք ավելի եղկելի են, որովհետև չունեցած հոգիներն ու պատիվն են վաճառում/ խորշելու առաքինության մասին է:
Ես հավատում եմ, երբ Վլադիմիր Գասպարյանը խոստովանում է. Ես արդեն հասուն մարդ եմ, բայց հայրս իր կերպարով, իր ապրած կյանքով ու բարոյախոսությամբ դարձել է իմ ներքին հավատաքննիչը, ու նրան ՙչամաչեցնելը՚ կենսակերպ է ինձ համար, վարք, մտածողություն:
Ում խորթ է ծնողի հանդեպ սիրո և պատկառանքի զգացումը, սա չի հասկանա: Ով զուրկ է տղամարդկային արժանապատվությունից՝ ոչ կարգին քաղաքացի է դառնում, ոչ՝ ամուսին, ոչ՝ հայր ու ընկեր:
Ինչպես համոզվեցի՝ ոչ էլ նույնիսկ կարգին խրատ ու խորհուրդ է կարողանում տալ:
Փոխարենը ես եմ ինձ թույլ տալիս մի բարի խորհրդով ավարտել այս գրառումը՝ կլինի՞, որ դուք ձեզ համեմատեք ոչ թե Վլադիմիր Գասպարյանի, այլ ձեր մերձակա շրջապատից մեկնումեկի հետ. համ դուք ինքներդ ձեզնից գոհ կմնաք, համ էլ հասնել-անցնելու հավանականություն կունենաք:
Եվ մի բան էլ. կան մարդիկ, ում տրված չէ լինել բարեկամ և ունենալ բարեկամ. նրանք երբեք չեն կարողանա ամբողջովին ընկալել ասելիքս: Ցավում եմ… Հ.Գ.- Որոշ մարդկանց պետք էր զգուշացնել, որ կատաղության դեմ սրսկվեին, նոր կարդային: Ի դեպ, ես չեմ մոռանա նաև մոմեր վառել՝ նրանց հոգու փրկության համար:
Մարգարիտ Սարգսյան