Ինչպե՞ս կարելի է
Ցմահ դատապարտյալները հաճախ են հացադուլի միջոցով իրենց խնդիրները հրապարակային դարձնում վերջերս: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է:
«Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի», -նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Henaran.am-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ: ‹‹Ես չեմ հասկանում, թե Արդարադատության նախարարն ինչու իրավասու չի լուծել այդ հարցերը՝ ընդհանրապես ցմահներին վերաբերող որևէ հարց: Իհարկե, սա դատական համակարգին վերաբերող հարց կլիներ, եթե միայն գործերի վերանայման հարցը լիներ : Բայց ամբողջ հարցն այն է, որ ցմահ դատապարտյալների համար առաջնահերթ է վաղաժամկետ ազատման հարցը: Օրենքով նախատեսված ժամկետներն արդեն լրացել են, բայց նրանք չեն ազատվում:
15-20 տարի անցել է, ինչպես գիտեք, նրանք պիտի ազատ արձակվեին: Նախարարը հակված չէ անդրադառնալ քրեակատարողական հիմնարկներում առկա հարցերին: Արփինե Հովհաննիսկանը կամ սպառիչ պատասխաններ է տալիս, որն իրականությանը չի համապատասխանում, կամ խուսափում է այդ հարցերից կամ էլ իր շրջանակն ունի, այդ գործերի մասին պատկերացումներ ունի, որոնք իր պատկերացումներն են, ոչ թե օրենքն է այդպես նախատեսում››, – նշեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով պատժաչափերի քննմանը վերաբերող հարցերին՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց. ‹‹Պատժաչափերի հարցը քննում է քրեակատարողական հիմնարկը, իսկ Քրեակատարողական վարչությունը առայժմ Արդարադատության նախարարության կազմում է, չէ՞: Ինչպե՞ս թե Արդարադատության նախարարն իրավասու չէ կարգավորել այդ հարցերը: Մարդիկ կան, որ քսան տարուց ավել է, ինչ անազատության մեջ են: Այնտեղ կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են բանտում ու անմեղ են: Ես չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է այսպես նայել այս հարցերին››: