Գևորգ Սաֆարյանը դիմել է ՍԴ. գործն ընդունվել է քննության
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ներկայումս կալանքի տակ գտնվող Գևորգ Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:
Հիշյալ հոդվածով սահմանվում է, որ պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։
Ըստ դիմողի՝ իր համար բացասական հետևանքներ է առաջացրել 2014թ.-ի մայիսի 14-ի գործով վարչական դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, որն ըստ իրեն՝ հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հայցադիմումի հիման վրա 2014թ.-ի հիշյալ գործով Գևորգ Սաֆարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանքի։
ՍԴ դիմողի կարծիքով՝ այն հարցը, թե դատարանների կողմից տվյալ վարչական գործով անմիջապես դատաքննություն կնշանակվի, թե՝ ոչ, ո՛չ պատասխանողի և ո՛չ հայցվորի համար հայտնի լինել չի կարող: Այդ մասին պատասխանողն իրազեկվում է կամ դատաքննության, կամ նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ: Իսկ դատաքննություն նշանակելու մասին որոշումն ստանալու պահից պատասխանողը զրկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից:
Դիմողը գտնում է նաև, որ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման համար նախատեսված օրենսդրական կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, չի կարող կանխատեսելի համարվել պատասխանողի համար և կարող է հանգեցնել վերջինիս դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների խախտմանը:
ՍԴ դատական կազմի փետրվարի 8-ի որոշմամբ Գևորգ Սաֆարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության: ՍԴ-ն իր փետրվարի 16-ի աշխատակարգային որոշմամբ որոշել է այս գործի դատաքննությունն սկսել հունիսի 14-ին՝ ժամը 10-ին:
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: Գործով դատավարությանա որպես պատասխանող կողմ ներգրավվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:
–