Ինչ կոչ է անում Փաշինյանը ընտրողներին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր բլոկում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված կոչով դիմել է հանրությանը:
Փաշինյանն իր բլոգում մասնավորապես գրում է.”ՀՀ նախագահի ընտրություններ” վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին՝ ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլեւ հակասում է դրան: Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե ով լինի Հայաստանի նախագահ:
2008թ. Մարտի 1-ի արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկած խմբավորումը, սակայն, նաեւ մեր՝ ընդդիմության սխալների պատճառով կարողացել է ստեղծել մի աննախադեպ վիճակ, երբ ոչ միայն ժողովուրդը չի որոշելու, թե ով լինի ՀՀ նախագահ, այլեւ նախագահի նստավայրը զավթած անձն է փաստացի ցանկանում որոշել, թե ինչ անի ժողովուրդը եւ ինչպես: Սերժ Սարգսյանն, ընդ որում, չի էլ թաքցնում մտադրությունը, թվեր խփելու իր անսահմանափակ կարողությամբ տղայաբար պարծենալով:
2008 թվականի Համաժողովրդական շարժման հարթակին գտնվող մարդու համար չափազանց դժվար է, բայց ժողովրդի առաջ անկեղծ լինելու պարտավորությունս ստիպում է խոստովանել. առաջիկա ընտրությունը ոչ միայն չի լուծելու ՀՀ քաղաքացուն իշխանության իրական կրողի գործառույթով օժտելու խնդիրը, այլեւ ավելի է սրելու այն:
Ելնելով վերը նշվածից, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում՝
– 2013թ. փետրվարի 18-ին որեւէ պարագայում եւ պայմանով ձայն չտալ 2008թ. հեղաշրջման առանցքային կազմակերպիչներից մեկին՝ Սերժ Սարգսյանին, այդպիսով՝ ընդդեմ Հայաստանում հաստատված քոչարյանասերժական հուսահատության արտահայտել հստակ դիրքորոշում ՝ լինի դա առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելով, քվեաթերթիկը փչացնելով, թե ընդհանրապես՝ ընտրական տեղամաս չգնալով:
Խոստովանելով հանդերձ Հայաստանում հաստատված քաղաքական եւ քաղաքացիական փակուղու փաստը, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին լավատեսության եմ կոչում: Հայաստանի Հանրապետությունը ունի՛ Ապագա, քանի դեռ չենք հրաժարվել հանուն նրա պայքարելուց, քանի դեռ չենք հրաժարվել մեր երեխաներին Ազատ եւ Երջանիկ Հայաստան ժառանգելու պարտավորությունից: Չենք հրաժարվել ու չենք հրաժարվի: Պարտավորությունը ստանձնել ենք, պարտավորությունը ենթակա է իրագործման:
Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ”: