Արտագաղթ, կոռուպցիա. Արամ Ա-ն բաց տեսքստով հայտարարում է
Համահայկական մտածողության ու գործելակերպի մշակումը պիտի նպաստի թե՛ Հայաստանի հզորացմանը, թե՛ մեր ազգի միասնականության ամրապնդմանը եւ թե ազգային պահանջատիրությանը:
«Նման մոտեցում նախ ենթադրում է մեր ժողովրդի ներքին դրվածքի, կացության ու հնարավորությունների, ինչպես նաեւ ներկա աշխարհաքաղաքական պայմանների իրատես արժեւորումը»,- փետրվարի 13-14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժեւորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստին նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Արամ Ա-ն հիշեցրել է, որ «ազգային պահանջատիրությունն իր նեղ շրջագծի մեջ պետք չէ դիտել։ Ազգային պահանջատիրություն նշանակում է որպես ազգ ու հայրենիք ինքնահաստատում ու ինքնահզորացում, գոյության ամրացում, կյանքի բարգավաճում եւ մեր բռնաբարված իրավունքների վերականգնում ու միջազգային համայնքի ներսում մեր ազգի ու հայրենիքի ներկայության ամրապնդում։
«Հայաստանի հզորացումը որպես մեր ազգային պահանջատիրական պայքարի հիմք։ Տկար, մեկուսացած ու անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը դառնալ. չի կարող հարգանք պարտադրել ու լսելի դառնալ միջազգային համայնքում։ Հետեւաբար Հայաստանի հզորացումը իր տնտեսական, զինվորական եւ այլ բնագավառներով հրամայական անհրաժեշտություն է։ Այս իրագործելու համար արտագաղթի կասեցումը, կոռուպցիայի վերացումը ու Սփյուռքի առավել կազմակերպ զորակցությունը Հայաստանի համար կենսական են»։