Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են . Շարմազանով
Հարգելի խորհրդարան,
ԱԺ գարնանային նստաշրջանը մտավ իր իրավունքների մեջ եւ,նկատի ունենալով, որ 2016 թվականը նախորդելու է ընտրական 2017-ին, բնականաբար, այս դահլիճում զգացմունքային եւ ականջահաճո հայտարարությունների պակաս չի լինի: Սա բնական է, քանի որ դա քաղաքական կյանքի անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ իշխանությունը՝ ի դեմս Հանրապետականի, չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն:
Մենք պետք է նախ եւ առաջ գործենք, ժողովրդի մատից փուշ հանենք եւ դիմակայենք բազում ներքին եւ արտաքին մարտահրավերների:
Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, եւ պետք է արվեն քայլեր, որոնք կբխեն բարեփոխումներից: Նախ եւ առաջ, պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք: Հանրապետականը վճռական է էլ ավելի թափանցիկ ու ժողովրդավարական դարձնել ընտրական ողջ գործընթացը՝ գրեթե զրոյի հասցնելով շեղումների եւ կրկնաքվեարկության գործնական հավանականությունը եւ կոչ է անում բոլոր կառուցողական ուժերին ակտիվ մասնակցել այդ հարցի քննարկմանը: Նման բարեփոխված ընտրական օրենսգրքի պայմաններում մենք հնարավորություն կունենանք անշեղորեն ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով, որի այլընտրանքը մեր երկրում չկա եւ չի կարող լինել:
Հարգելի խորհրդարան, արտաքին քաղաքականության ոլորտում մեզ համար շարունակելու են առանցքային մնալ Հայոց ցեղասպանության դատապարտման ու արցախյան հարցի արդարացի եւ հայանպաստ լուծման հասնելու ուղիները: Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացնելու նախագիծը: Այս նախագծի օրակարգ վերադարձնելը գալիս է ապացուցելու, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը ոչ միայն շարունակվում է, այլեւ թեւակոխում է նոր փուլ:
Ստրասբուրգում Թուրքիայի ադրբեջանասեր փեսա Ուոլթերի զեկույցի տապալումը բառիս բուն իմաստով մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը: Գործը հասել է նրան, որ Ադրբեջանը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին եւ անցնելով Ռուբիկոնը՝ նրանց մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ: Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է, որը չի կարող ունենալ ապագա, ինչպես ապագա չունի թուրքական ժխտողականությունը: